Պետք է կա՛մ դադարեցնել հակահայկական քարոզչություն անող ռուսական ТV-ների հեռարձակումը Հայաստանում, կա՛մ մեր ԶԼՄ-ները պետք է ջախջախեն այդ բովանդակությունը. փորձագետներ
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակման վերջին դեպքերը ուղեկցվեցին նաև մեդիագրոհով։ Այդ գրոհին մասնակից դարձան ոչ միայն ադրբեջանական, այլև ռուսական պետական հեռուստաեթերները։

Օրինակ՝ ՌԴ Հանրային ՀԸ-ի «Վրեմյա» լրատվական ծրագիրը սեպտեմբերի 17-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքներին` լուսաբանեց միայն ադրբեջանական հայտարարությունները։ Լրագրողը ուղղաթիռից՝ մոտ 2600 մետր բարձրությունից նշում է, որ գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին և տարածքում մի քանի կմ շառավղով չկա որևէ բնակավայր։ Ավելին, լրագրողը ներկայացնելով միայն Բաքվի հայտարարությունները նշում է, թե Բաքուն «ստիպված է եղել կրակել՝ ի պատասխան հայկական կողմի սադրանքի, և ադրբեջանական կողմն ունի երկու վիրավոր՝ քաղաքացիական բնակչության թվում։ Հայկական կողմից քաղաքացիական անձանց վիրավորում ստանալու և զոհերի մասին լրագրողը ոչինչ չի ասում։ Նշվում է միայն, որ հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունի։

 Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») հաղորդման ընթացքում էլ հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակումը ներկայացնում է որպես Արցախում տեղի ունեցած միջադեպ։ Ռազմական փորձագետ ներկայացող Վլադիսլավ Շուրիգինն էլ հաստատում է հաղորդավարի խոսքերը։ Հաջորդ օրը հաղորդավար Կուզևիչը եթերում ասաց, որ սխալվել է՝ նշելով, որ իրադարձությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում։

 Փորձագետներ հանդիսացող հյուրերն ավելի են չափն անցնում և սկսում վիրավորանքներ հասցնել Հայաստանի իշխանությունների հասցեին, և այս ամենը հեռարձակվում է ռուսական պետական հեռուստաալիքներով։ Ավելին՝ այս հեռուստաալիքները հեռարձակվում են նաև Հայաստանում։

 «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ նմանօրինակ գործողությունները չեն նպաստում երկու ժողովուրդների մերձեցմանը, հակառակը, այսպիսի քայլերը սեպ են խրում երկու ժողովուրդների բարեկամության մեջ։ Անդրադառնալով ռուս փորձագետների արտահայտություններին, Մելիքյանն ասում է, որ «սորոսականներ» տերմինը սկսեց շրջանառվել Ռուսաստանում, ապա փորձեցին այն հաջող կերպով տարածել նաև Հայաստանում, և դրա սկիզբը Հայաստանում դրվեց 2018 թվականի հեղափոխության ընթացքում։

 Անդրադառնալով իրադարձությունների՝ Արցախում տեղի ունենալու մասին տարածած ապատեղեկատվությանը Մելիքյանն ասում է, որ սա կա՛մ հատուկ է արվում, կա՛մ տգիտության արդյունք է։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը հիմա աշխատում է ավելի պրոադրբեջանական և պրոթուրքական ուղղություն վերցնել՝ ի հաշիվ Հայաստանի, և սա արվում է մեդիա ուղեկցությամբ։

 Ինչպե՞ս պետք է հայկական կողմը արձագանքի սրան։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը փակել, դադարեցնել ռուսական պետական հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում, կամ պե՞տք է արդյոք Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը նոտա հղի Ռուսաստանին, այնպես, ինչպես դա արեց ռուսական կողմը «Սուրմալուի» դեպքերի ժամանակ, Մելիքյանն ասում է, որ կա իրավական կողմ, և քարոզչական։

 Ի տարբերություն Աշոտ Մելիքյանի՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով հայկական կողմը պետք է վաղուց դադարեցրած լիներ այդ հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում։ Խուրշուդյանի համոզմամբ՝ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում գործող ռուսական 5-րդ շարասյան բութ գործիքներից մեկն են։

Խուրշուդյանը հիշեցրեց նաև նախորդ տարվա մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի տարածքներ, որը համընկել էր կառավարության հրաժարականի և նախընտրական շրջանի հետ։ Խուրշուդյանը նույն Ադրբեջանի օրինաԿը բերեց․ «Այնտեղ ռուսական հեռուստաընկերություններն այլևս եթեր չեն հեռարձակվում և Ադրբեջանի հետ ոչինչ տեղի չի ունեցել»։

Սա, ըստ Խուրշուդյանի, փայլուն հնարավորություն է այդ եթերները Հայաստանում արգելափակելու համար․ «Գոնե սկզբի համար կարելի է այդ հեռուստաեթերներից մեկը փակել, եթե մյուս հեռուստաեթերներով շարունակվեն նույն հակահայկական թեզերի շրջանառությունը՝ արգելափակել նաև մյուսների հեռարձակումը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Վովա Հակոբյան