Հույս ունեմ, որ ոստիկանությունն ընտրություններին կպաշտպանի քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ոստիկանների տոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծաղիկներ է դրել հանուն հայրենիքի պաշտպանության կյանքը զոհած ոստիկանության աշխատակիցների հուշակոթողի մոտ, այնուհետև ոստիկանությում  շնորհավորել համակարգի բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

 «Արդեն ավելի քան մեկ տարի ՀՀ ոստիկանությունն աշխատում է մեղմ ասած, գերծանրաբեռնված վիճակով։ Նախ կորոնավիրուսի համավարակը, որն ավելի քան մեկ տարի առաջ սկսեց ծավալվել նաև ՀՀ-ում, նոր խնդիրներ առաջադրեց պետության և ոստիկանության համար»,-այդ մասին այսօր ոստիկանության օրվան նվիրված իր շնորհավորական ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Նա նշեց, որ հիմնական գործող ինստիտուը, որը զբաղվում էր  հակահամաճարակային կանոնների  պահպանության ապահովմամբ՝ ՀՀ ոստիկանությունն էր, և դա իսկապես ոստիկանության սովորական ամենօրյա աշխատանքի համար մի լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր, այսինքն՝ մենք գործ ունեցանք մի իրավիճակի հետ, որով, ըստ էության,  ոստիկանությունը նախկինում չէր զբաղվել, չէր զբաղվում, և սա լրացուցիչ աշխատանք էր, որը ոստիկանությունը  ստիպված էր կատարել։ 

«Հետո վրա հասավ 44-օրյա պատերազմը, որին ոստիկանության զորքերի ծառայողները շատ ուղիղ և գործուն մասնակցություն ունեցան՝ աչքի ընկնելով իրենց սխրանքներով, և ցավոք սրտի ոստիկանության և ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ զոհվեցին հանուն հայրենիքի և նաև մի քանի տասնյակ ոստիկաններ ծանր վիրավորում ստացան, և ձեռք բերեցին հաշմանդամություն։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ներքին ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, և ես գոհունակությամբ ուզում եմ նշել, որ երևի թե մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ ՀՀ-ում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց ըստ էության մեր ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների, ընդ որում, ես ուզում եմ ընդգծել, որ նաև այն ուժերը, որոնք հանդես են եկել բռնության կոչերով նրանք  ևս հնարավորություն չեն ունեցել բռնություն  գործադրել բայցի իհարկե ամսի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում ՀՀ-ի և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու»,-ասաց վարչապետը։

Վարչապետը սա համարում է մեր իրավապահ համակարգի, այդ թվում նաև ոստիկանության շատ կարևոր նվաճումը և ձեռքբերումը, որ իրենք կարողացան գնալ մի ճանապարհով, որն իրենց հնարավորություն տվեց,  և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե  թշնամության մթնոլորտ սահմանել, այլ հնարավորություն կտա, որպեսզի  իսկապես համախմբեն ՀՀ-ի ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին, մեր պետականության, օրինականության իրավակարգի շուրջ։

«Եվ  առաջիկայում իհարկե շատ կարևոր անելիք կա այդ առումով, մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական  ընտրություններ, և ես հույս ունեմ  և համոզված եմ, որ և՛ ՀՀ իրավապահ մարմինները, ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը ՀՀ քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը։ Ես ուզում եմ կրկին արձանագրել, որ այս ընթացքում սկսած 2018 թվականից իրավապահ մարմինների այդ թվում ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որն առաջադրվել է եղելէ  հետևյալը ապահովել ընտրությունների  օրինական ընթացքը, ապահովել ՀՀ-ի քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդցեության որևէ հնարավորություն և ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել»,-ասաց վարչապետը։