Երեկ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում
Նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,-ասել է նա:

Ինչպես երեկ տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տեղեկություններով 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը: