Հրդեհի հետևանքով տնակը կորցրած Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակչուհին 1 ամիս է սպասում է մարզպետարանի արձագանքին՝ աջակցություն ստանալու համար։
Փետրվարի 13-ին Մասիս քաղաքում և Երևանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակչուհի, 2 անչափահաս երեխաների մայր Արփինե Գասպարյանի տնակն
այրվել էր, և ընտանիքը մնացել էր առանց տանիքի։
Civic.am-ը Արփինեից փորձեց ճշտել, թե ինչ իրավիճակում է գտնվում ընտանիքն այժմ և արդյոք ստացել է աջակցություն՝ պետությունից։
Նրա խոսքով՝ Դաշտավանի համայնքապետարանը նրան 1 միլիոն դրամ գումար է տրամադրել, իսկ մարզպետարանին մոտավորապես մեկ ամիս է, ինչ դիմում է գրել, բայց դեռ պատասխան չի ստացել։ «Դիմումով խնդրել եմ, որ ինչքան կարող են գումարային աջակցություն տրամադրեն ինձ»,- ասաց Արփինեն։
Արփինեի խոսքով՝ նրան ավելի վաղ, մարզպետարանն առաջարկել էր նոր տնակ տրամադրել, սակայն Արփինեն հրաժարվել էր, նշելով, որ ավելի լավ է իրեն տրամադրեն այդ տնակի գումարը, քանի որ տնակները հաճախ են բռնկվում, իսկ այդ գումարով նա կկարողանա թեկուզ մեկ նոր սենյակ կառուցել իր համար։
Մարզպետարանից, սակայն, Civic.am-ին տեղեկացրին, որ տնակ տրամադրելու առաջարկ Արփինեին չի եղել, այլ ասվել է, որ տրամադրվող գումարով նա կարող է կամ տնակ գնել, կամ կառուցել ինչ-որ բան՝ ըստ իր ցանկության։
Մեզ նաև տեղեկացրին, որ որոշում է կայացվել մարզպետարանի ֆինանսական հնարավորության մաքսիմալ չափով օգնություն տրամադրել Արփինեին, չնշելով հստակ գումարի չափը, սակայն դրա համար Արփինեն պետք է նորից դիմում ներկայացնի։
Մեր այն հարցին, թե այս մեկ ամսվա ընթացքում, ինչ դիմում է ուղարկել մարզպետարան, Արփինեին տեղեկացվել է, որ պետք է նորից դիմում ներկայացնի, որպեսզի կարողանա ստանալ աջակցությունը, մարզպետարանից պատասխանեցին,՝ ոչ, չի զգուշացվել, և, որ մոտ օրերս կապ կհաստատեն նրա հետ և կտեղեկացնեն։
Ստացվում է, եթե Civic.am-ն այս հարցով չփորձեր տեղեկություն ստանալ մարզպետարանից, նրանք այդպես էլ չէին արձագանքի Արփինեի դիմումին և գուցե չէին էլ զգուշացնի, որ պետք է նորից դիմում ներկայացնի, որպեսզի հնարավոր լինի ստանալ աջակցությունը։
Սյուզի Սիրականյան