«Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի մարտին
Վաշինգտոնը 2023 թվականի մարտի վերջին կանցկացնի «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը՝ քննարկելու այն մարտահրավերները, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ավտոկրատական ռեժիմներին դիմակայելու ուղիները։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռի խոսքով՝ գագաթնաժողովին կմիանան նոր մասնակիցներ՝ Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Հարավային Կորեան և Զամբիան.գրում է 1lurer-ը։
«Գագաթնաժողովը կմեկտեղի համաշխարհային առաջնորդներին առցանց ձևաչափով, դրան կհետևեն դեմ առ դեմ հանդիպումներ նախաձեռնության մասնակից երկրներում՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- մանրամասնել է Ժան-Պիեռը։
«Հանուն ժողովրդավարության» առաջին գագաթնաժողովն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին: Երկօրյա միջոցառմանը մասնակցել են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Առցանց ձևաչափով հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ադրբեջանը և Թուրքիան հրավիրված երկրների ցանկում չեն եղել: