Պատերազմով անցած զինվորների մեծ մասը հոգեբանական խնդիրներ ունեն․ ընկերների մահվան հիշողությունը մեղքի զգացում է առաջացնում․ հոգեբան
Պայմանավորված Արցախյան երկրորդ պատերազմով, և մինչ այդ էլ, կորոնավիրուսի արդյունքում ստեղծված ծանր սթրեսային իրավիճակով, վերջին շրջանում հոգաբանական աջակցություն ստանալու  պահանջը մեծացել է և, կարծես, սկսել ավելի շատ կարևորվել հասարակության կողմից։
 
Հոգեբան, հոգեթերապևտ Արմինե Ավագյանը, որն այս ոլորտում 20 տարվա փորձ և միջազգային որակավորում ունի՝ աշխատել է պատերազմի մասնակիցների հետ։ Պատերազմի ընթացքում զինվորներն ապրել են վախեր ու տրավմաներ։ Հոգեբանի խոսքով՝ պատերազմական գործողությունների ժամանակ հիմնականում այնպիսի իրավիճակներ են եղել, երբ զինվորները ուղղակի անելու բան չեն ունեցել ռազմի դաշտում, քան անօդաչու թռչող սարքերի հարվածներից որևէ կերպ թաքնվելը։ Այս պատճառով բոլորի մոտ հիմնականում շատ ուժեղ արտահայտված են վախերը և անօգնական լինելու զգացողությունը։
 
«Շատ անողոք վիճակի մասին եմ խոսում։ Ենթադրենք, երբ մենք դուրս գանք ու հանդիպենք, օրինակ, ինչ-որ գազանի, միևնույն է մարդը մտածում է, որ եթե ինչ-որ ուժեր մոբիլիզացնի գուցե և դիմադրի։ Բայց էստեղ մեր զինվորները դիմադրելու եղանակ չեն ունեցել։ Այսինքն՝ շատ ծայրահեղ ծանր սթրեսային վիճակում են եղել նրանք, և դա չէր կարող չազդել նրանց վրա», - նշում է տիկին Ավագյանը։
 
Նրա խոսքով՝ այդ վիճակներով անցած յուրաքանչյուր զինվոր պետք է դիմի  աջակցության, քանի որ նման իրավիճակները, եթե չեն ամոքվում մասնագետի միջամտությամբ, ապա հետագայում կարող են դառնալ տարբեր կախվածությունների հիմք։ Նման սթրեսային իրավիճակները մարդկանց մոտ առաջացնում են նաև հետտրավամտիկ սթրեսային խանգարումներ, որը կարող է արտահայտվել անքնությամբ, կրկնվող պատկերներով, ծանր հիշողություններով։
 
«Օրինակ՝ հրավառության ձայները իրենց մոտ կարող են վատ հիշողություններ առաջացնել, որից նրանք վեր կթռչեն, նորից վախի զգացողություն կապրեն։ Այս տրավմատիկ սթրեսային խանգարումները մեծ ցանկ են կազմում, որոնք կարող են կրկնվել և տարիներ տևել։ Դա հոգեբանության մեջ նկարագրված է որպես «աֆղանական սինդրոմ», երբ յուչաքանչյուր պատերազմից հետո մարդիկ տրավմատիկ շոկ են ապրում, և դա լինում է  նրանից, որ տեսնում են մահ, ընկերների մահը», - նշում է հոգեբանը։
 
Նրա խոսքով՝ ընկերների մահվան միտքը զինվորների մոտ մեղքի տանջող զգացում է առաջացնում, թե՝ ինչո՞ւ ես չմահացա, բայց նա մահացավ։ Այս տանջող զգացողությունները շատ երկար են ուղեկցում մարդկանց, որը կարող է տանել մարդուն ընդհուպ մինչև թմրամիջոցների օգտագործման․ «Ընդհանրապես թմրամիջոցներից կամ ալկոհոլից կախվածություն ունեցողների մեծ մասը որևէ տրավմայի ենթարկված մարդիկ են։ Պետք է հենց սկզբից բուժել տրավման, որպեսզի մարդը չհասնի արդեն այդ կետին»։
 
Տիկին Ավագյանը աշխատել է նաև Արցախից տեղահանված անձանց հետ և՛  խմբային, և՛ անհատական մոտեցմամբ, որոնց մեջ եղել են և՛ մեծահասակներ և՛ երեխաներ։ Նա նշում է, որ հատկապես երեխաների հետ աշխատելիս, և ոչ միայն, շատ արդյունավետ է օգտագործել «արտ-թերապիան»՝  նկարելու միջոցով օգնել վերարտադրել մարդկանց վախերը։
 
Նրա խոսքով՝ շատ են նաև այն մարդիկ, որոնք որևէ կերպ անձամբ չեն առնչվել պատերազմին, բայց, հենց այդ թեմայով հոգեբանական աջակցության կարիք զգալով, դիմում են խորհրդատվություն ստանալու․ «Ե՛վ պատերազմի, և՛ Քովիդի թեմաներով դիմում են։ Բնակչությունն ընդհանուր առմամբ սթրեսային վիճակում է։ Բոլորի մոտ տագնապային գրոհներ են, վախեր, անհանգստություններ, բայց շատ դեպքերում, ցավոք, ոչ թե հոգեբանների են դիմում, այլ միանգամից բժիշկների, նյարդաբանների, որը հայտնի չէ, թե ինչքանով է օգնում նրանց»։
 
Հայաստանում՝ պատերազմի մասնակիցների և պատերազմից տուժած անձանց hոգեկան առողջության պահպանման և վերականգնման գործում ներգրավված են մի շարք կազմակերպություններ։ «Հայկական հոգեբուժական ասոցիացիան» պատերազմի ժամանակ և հետպատերազմական շրջանում համակարգել է բազմաթիվ կամավոր գործընկերների աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների և այլ կառույցների ու անձանց հետ։
 
Ասոցիացիայի տնօրեն Արմեն Սողոյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարության հետ համագործակցել են մինչև անցյալ տարվա վերջ, և այդ համագործակցության շրջանակներում, մոտավորապես, 11 հազար 700 մարդ ստացել է հոգեբանական աջակցություն՝  100-ից ավել կամավոր հոգեբանների կողմից։ Այս պահին ասոցիացիան համագործակցում է ևս 13 կազմակերպությունների հետ։ 
 
 
Սյուզի Սիրականյան