Ադրբեջանցիները մոլորված ճարտարցուն ներկայացնում են իբր սնունդ ստանալու համար իրենց դիմած արցախցի` այդպիսով ջախջախելով իրենց իսկ թեզը, թե Արցախում չկա հումանիտար ճգնաժամ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ 2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, որը զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չի վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ: Քանի որ մեծ է եղել հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ՝ վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով:
Ադրբեջանական կողմը ոչ միայն չի հաստատել, այլև հերքել է Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը:
«Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար, առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որի արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թորոս Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ և տալով ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ»:
Ադրբեջանական կողմը այս միջադեպը փորձեց ներկայացնել այնպես, իբր Արցախի քաղաքացին ոչ թե մոլորվել և հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում, այլ եկել է, այսպես կոչված, էկոակտիվիստների կողմից փակված Լաչինի հատված և սնունդ խնդրել, վերջիններս էլ ցուցաբերել են բացառիկ հումանիզմ և Ղազարյանին սնունդ տվել և փոխանցել ռուս խաղաղապահներին։
Փաստ է, որ էկոակտիվիստների կողմից ճանապարհի փակված հատված հասնելու համար պետք է նախ հաղթահարել Արցախի ոստիկանների կողմից վերահսկվող հատվածը, ապա՝ ռուս խաղաղապահներին։ Թե ինչպե՞ս է Թորոս Ղազարյանը կարողացել աննկատ շրջանցել Արցախի ոստիկանների և ռուս խաղաղապահների արգելքը և հասել ադրբեջանցի էկոակտիվիստներին՝ ադրբեջանական քարոզչամիջոցները այս սուտը տարածելիս հաշվի չեն առել։
Բացի դրանից, ադրբեջանցիները սրանով ևս մեկ անգամ փաստում են, որ իրենք Արցախում ստեղծել են հումանիտար ճգնաժամ, և արցախցիները ստիպված են սնունդ հայթայթելու համար դիմել ադրբեջանցիներին։ Մինչդեռ ադրբեջանական կողմը վերջին 25 օրերի ընթացքում ամեն կերպ առաջ էր մղում այն թեզը, թե իրենք ճանապարհը չեն փակել քաղաքացիների և հումանիտար բեռների համար, և իրենց միակ խնդիրը կապված է Արցախում գործող հանքերի՝ բնապահպանական խնդիրների հետ։ Ադրբեջանի քարոզչական վերջին այս հնարքը ջախջախեց իրենց իսկ կողմից 25 օր շարունակ տարվող իբր բացառապես բնապահպանական մտահոգությունների վերաբերյալ թեզը։
Ինչպես հայտնում է Արցախի ԱԱԾ-ն, արցախյան կողմին փոխանցված Թորոս Ղազարյանը արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արցախի իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվելու են բոլոր միջոցները քաղաքացի Ղազարյանի կողմից Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվելու դեպքի հանգամանքները լրիվությամբ պարզելու ուղղությամբ:
Ադրբեջանական կողմի այսօրվա բեմականացումը մեկ անգամ ևս փաստում է, որ վերջիններիս նպատակը ոչ թե իրականության հետ առերեսվելն ու այն ընդունելն է, այլ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կեղծ թեզերով ու քարոզչական նյութերով մոլորեցնելը:
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան