ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում. նախագծով առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ։ Այս առնչությամբ «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպվել էր քննարկում՝ «Ռազմական դրության ընթացքում սահմանափակել համացանցը. Իմա՛ստը» թեմայով։
Բանախոսներից մեդիափորձագետ Արթուր Պապյանը կարծում է, որ սրանով իրականում փորձ է արվում 2020-ի, 2022-ի սխալները լեգիտիմացնել և իրավական դաշտ ստեղծել, որպեսզի մարդիկ չշարունակեն հարցեր տալ, թե ի՞նչ հիմքով արգելափակվեցին կայքեր, կա՞ արդյոք օրենք, որին կհամապատասխանի։
«Երկրորդ, ինչո՞ւ արգելափակվեցին հենց այդ կայքերը, օրինակ՝ ինչո՞ւ էր պետք է արգելափակել «Տիկ տոկը»-ը, բայց ոչ «Տելեգրամը», որտեղ մի քանի անգամ ավելի շատ վնասակար տեղեկատվություն կա։ Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ էր արգելափակումը մասնակի, կամ ի՞նչ սկզբունքով էր դա արվում, որովհետև ինչ-որ օպերատորների մոտ դա արգելափակվում էր, մյուսների մոտ՝ ոչ։ Օրինակ՝ բջջային սարքերում դա կարող էր չաշխատել, իսկ մյուսների մոտ սովորական լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ունեցող տարածքներում լիարժեք աշխատում էր, այսինքն՝ կար այս կիսատ-պռատ վերաբերմունքը։ Մենք, կոնկրետ բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը հարցումներ է ուղարկել ԱԱԾ, նաև՝ օպերատորներին: Օպերատորները բավարարվել են՝ ասելով, որ ուղղակի օրենքին համապատասխան պարտավոր են եղել համագործակցել ԱԱԾ-ի հետ, իսկ ԱԱԾ-ից առաջին անգամ մեզ պատասխանեցին, որ իրականացվել են երկրի անվտանգությունից բխող գործողություններ»,- ասաց մեդիափորձագետը։
Նա նշեց, որ երկրորդ անգամ ԱԱԾ-ից առհասարակ չպատասխանեցին, և իրենք քննարկում են հետևել այս գործընթացին, ի վերջո հասկանալ՝ պատասխան ստանալո՞ւ են, թե՞ ոչ։
Բանախոսը նաև նշեց, որ իրենց հետաքրքրասիրությունն ուղղակի հետաքրքրասիրություն չի, և իրականում հանրային շահից է բխում, որպեսզի փորձագետներն ունենան տեղեկատվություն, հասկանան՝ ինչպես է դա քննարկվել, և վերլուծեն, և գուցե եթե, Աստված մի արասցե, ևս նման իրավիճակի հանգեն, ավելի իմաստավոր, ավելի խելացի որոշումներ կայացվեն։
Մանրամասները՝ տեսանյութում