Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի Հայաստան սպասվելիք այցի և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։
- Պարոն Բադալյան, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Ռուսաստանին և Ադրբեջանին կոչ էր արել վերականգնել մուտքը Լաչինի միջանցք, այսօր նման կոչ է արել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, բայց կարծես թե կոչերը բավական չեն։
- Եթե խոսենք, այսպես ասած, միջազգային ջանքերի վերաբերյալ, ապա այստեղ ջանքերի գործիքակազմը շատ պարզ է՝ Ադրբեջանին պետք է ցույց տրվի քաղաքական գին, որ նա կվճարի Լաչինի միջանցքը փակ պահելու պարագայում։ Իսկ միջազգային հանրությունը տնօրինում է դա ցույց տալու բազմաթիվ գործիքների և ցանկության դեպքում կարող է կիրառել. այլ հարց է, որ չկա ցանկություն, և ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ադրբեջանն էլ միջանցքի փակման գնացել է լավ հաշվարկելով, որ այդ փակումը սկզբունքորեն չի ունենալու միջազգային հանրության պատասխանատու առարկություն, և բոլորը փորձելու են ստեղծված իրավիճակի վրա լուծել իրենց համար կարևոր մարտավարական կամ ռազմավարական խնդիրները։ Ցանկության դեպքում այդ կոչերի փոխարեն Ադրբեջանին պարզապես ցույց կտրվեր այն գինը, որ նա կվճարի միջանցքը փակ պահելու համար։
- Կոչում ԱՄՆ դեսպանը նաև Ռուսաստանին է դիմում՝ միջանցքը բացելու համար. ինչո՞վ է սա պայմանավորված:
- Հասկանալի է, որ առիթը այս դեպքում օգտագործվում է Ռուսաստանին թիրախավորելու համար, հատկապես, որ ՌԴ-ն ինքը ստորագրությամբ պատասխանատվություն ունի Ղարաբաղյան հակամարտության գոտու և Լաչինի միջանցքի իրավիճակի առնչությամբ, և հիմա ԱՄՆ-ն պարզապես մատնանշում է այդ պատասխանատվությունը՝ նաև թերևս շատ լավ պատկերացնելով, որ Ռուսաստանը այսօր մի շարք հանգամանքների բերումով ի վիճակի չէ Ադրբեջանին պարտադրել բացել ճանապարհը այնպես, ինչպես պատկերացնում ենք պարտադրել ասվածը։ Այդ հարցը գոնե առայժմ ՌԴ-ի համար չունի այն գինը, որը Մոսկվային կստիպի կոշտ խոսել Ադրբեջանի հետ, փոխարեն Ադրբեջանը և անկասկած Թուրքիան ՌԴ-ի համար ունեն չափազանց կարևոր նշանակություն, և ստեղծված խնդիրները Ռուսաստանը, ինչպես միշտ, փորձում է լուծել՝ պայմանավորվելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ պայմանավորվածությունների շատ լայն շրջանակ կա։ Տեսնում ենք նաև, որ թուրք-սիրիական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ առանցքային գործընթացներ են տեղի ունենում։ Այսինքն՝ Լաչինի միջանցքի շուրջ այս առումով կուտակված է աշխարհաքաղաքական հարցերի հսկա բազա, և այստեղ բոլորը փորձում են ինչ-որ կերպ սեփական շահը քաղել։ Ադրբեջանը այս ամենը շատ լավ հաշվարկելով է գնացել Լաչինի շրջափակմանը և փաստորեն ստեղծել է այս իրավիճակը՝ հասկանալով, որ մեծ հաշվով դա ավելի շատ պահանջարկ ունեցող իրավիճակ է լինելու, քան առարկության և դժգոհության հանդիպող:
- Ի՞նչ կարող ենք ակնկալել Ֆրանսիայի ԱԺ նախագահի Հայաստան այցից, որը հայտարարել է, որ Հայաստան է այցելում իր աջակցությունը վերահաստատելու նպատակով։
- Ես կարծում եմ, որ Ֆրանսիան ամենանվազ հնարավորություններն ունեցող խաղացողն է այս իրավիճակում, և նաև սրանով է պայմանավորված, որ Ֆրանսիան առավել արմատական գնահատականներ և բավական նկատելի հայամետ դիրքորոշում ունի, որովհետև որքան քիչ է ազդեցությունը, որքան քիչ են հնարավորությունները, այնքան հռետորաբանությունը դառնում է արմատական և փորձ է արվում դրա միջոցով քաղաքական կապիտալիզացիայի գնալ։ Ես կարծում եմ՝ այս հռետորաբանության տեսանկյունից Հայաստանի համար կլինեն բավական ողջունելի հայտարարություններ, բայց էլի գանք այն մտքին, որ այդ հայտարարությունները շատ քիչ են իրավիճակի վրա ազդեցության տեսանկյունից, հակառակը՝ դեռ մեծ հարց է, թե արդյոք այդ հայտարարությունները ուղղակի թե անուղղակի չե՞ն վերածվի կրակի վրա լցվող յուղի։ Այստեղ նկատենք մի բան, որ դեկտեմբերին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չկայացավ հենց Ֆրանսիայի գործոնի պատճառով, այսինքն՝ հիշում ենք, որ Ալիևը հայտարարեց, որ Ֆրանսիայի մասնակցությամբ ինքը հանդիպում չի ունենա, իսկ Երևանը ասում է, որ պետք է Ֆրանսիան ներկա լինի, որովհետև քառակողմ ձևաչափով է եղել պայմանավորվածությունը։ Մենք ունենք շատ կոնկրետ օրինակ, երբ Ֆրանսիայի գործոնը խափանել է մի գործընթացի որոշակի շարունակություն, երբ հանդիպումը չկայացավ, և ունենք Լաչինի փակ միջանցք։ Մենք այստեղ տեսնում ենք, որ երբ չկա առարկայական գործիքակազմ՝ այդ հայտարարությունները պաշտպանելու կամ դրանք առաջ մղելու համար, դրանք կարող են հակառակ ազդեցություն ունենալ, բայց այստեղ վերջին հաշվով Ֆրանսիայի ռազմավարական խնդիրներն էլ պետք է հասկանանք։ Ի վերջո հասկանալի է, որ պետք է զարգանան հայ-ֆրանսիական հարաբերությունները բովանդակային իմաստով, իսկ Ֆրանսիան թերևս խնդիր ունի Թուրքիայի հետ, և ունենալով այդ խնդիրը միջերկրածովյան ռեգիոնի ուղղությամբ՝ Ֆրանսիային շահեկան է հնարավորինս շատ Թուրքիային պահել Կովկասի ուղղությամբ կենտրոնացված։
- ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ մեր դաշնակիցը Ադրբեջանի միջոցով ռազմական ճնշում է գործադրում ՀՀ-ի նկատմամբ, կարո՞ղ ենք ակնկալել, որ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը կզսպի Ադրբեջանին լայնածավալ հարձակում սկսել:
- Մեծ հաշվով՝ ոչ։ Նախ այստեղ էլի շատ մեծ հարց է, թե Ադրբեջանը ռազմական կամ քաղաքական սադրանքների գնալու համար արդյոք ունի՞ ՌԴ-ի հավանության անհրաժեշտությունը, արդյոք Ադրբեջանը չի՞ կարող իրեն թույլ տալ Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել և ստիպել գնալ գործարքների։ Պետք է նկատի ունենալ, որ գործ ունենք ոչ թե միայն Ադրբեջանի, այլ առնվազն նաև Թուրքիայի հետ, իսկ սա արդեն մի գործոն է, որից այսօր էապես կախված է Ռուսաստանը, և դա իրենց թույլ է տալիս շատ ավելի անկաշկանդ գործել Ռուսաստանի դեմ. մենք դա տեսնում ենք ոչ միայն կովկասյան ուղղությամբ, այլ նաև տեսնում ենք, թե ինչպես է Էրդողանը Պուտինի հետ եղբայրական հռետորաբանությամբ հարաբերվում, մյուս կողմից՝ Թուրքիան հարկ եղած դեպքում Ուկրաինային ընդհուպ ԱԹՍ-ներ է մատակարարում և խոսում Ուկրաինայում բայրաքթարների գործարան կառուցելու մասին։
ԵՄ տեխնիկական այդ խմբի գործունեության որևէ արդյունք կախված է քաղաքական իրավիճակից։ Այսօր գիտենք, որ ԵՄ-ն էներգետիկ երկու խոշոր համաձայնագրեր է ստորագրել Բաքվի հետ, և սա առավել խոսուն հանգամանք է, քան տեխնիկական առաքելությունը, որը կարող է ինչ-որ մարտավարական փոքր ազդեցություն ունենալ։ ԵՄ-ն ինքը, որպես քաղաքական գործոն, էապես կախված է ԱՄՆ-ի աջակցությունից, և եթե նույնիսկ խոսենք քաղաքական ներգործության, ազդեցության մասին, դա կախված է, թե ինչ կուզի ԱՄՆ-ն։ Մենք տեսանք, որ Ալիևը հրաժարվեց դեկտեմբերի 7-ի հանդիպումից, և ինձ չի հանդիպել որևէ եվրոպացի պաշտոնյա, այդ թվում՝ գործընթացի գլուխ Շառլ Միշելը, որը ափսոսանք հայտներ, որ Ադրբեջանը չգնաց Բրյուսել հանդիպման, և հակառակը՝ եղավ Տոյվո Կլաարի գրառումը, որ ինքը նոյեմբերի վերջին եղել է Բաքվում և կարող է ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է բրյուսելյան հանձնառությունների ձևաչափին։ Այսինքն՝ սա նույնիսկ արդարացնող հայտարարություն էր։ Սրանք մեզ մտածելու տեղիք են տալիս։ Բայց կրկնեմ, որ պետք է մտածել ոչ թե Բրյուսելից կամ Փարիզից, կամ որևէ մեկից նեղանալ-չնեղանալու մասին, այլ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, և մենք ինչ տրամաբանությամբ կարող ենք աշխատել այդ բոլոր խաղացողների հետ, որպեսզի մեր շահերն էլ կարողանանք արդյունավետ ներկայացնել և աշխատանք կատարել նրանց հետ։
Գեղամ Ադյան