Միութենական պետություն դառնալու առաջարկները ոչ պաշտոնական են․ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսում պատասխանելով հարցին, թե Հայաստանին երբևէ պաշտոնական առաջարկ արվել է՝ միութենական պետության կազմի մեջ մտնելու, ինչպես որ բաց տեքստով հայտարարել է ԱԽ քարտուղար Ա․Գրիգորյանը, նշեց՝ պաշտոնականի մասին խոսք լինել չի կարող, սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ․ «Միութենական պետություն դառանալու որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չի էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, և երբեմն-երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, այլ ենթատեքստը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, և մենք մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել՝ պետության, պետականության, հայրենիքի հարատևությունը ապահովելու համար»։   

Այնուհետև վարչապետը պարզաբանեց՝ պաշտոնապես չի հնչել միութենական պետություն դառնալու մասին առաջարկ, սակայն ոչ պաշտոնապես փորձագիտական շրջանակում շարունակաբար զարգանում է այդ խոսույթը, կարծիքները, նաև դա են ցույց տալիս ոչ պաշտոնական շփումները։

Դիտարկմանը, թե ԱԽ քարտուղար Գրիգորյանը ոչ պաշտոնական առաջարկները նկատի ուներ նման հայտարարություն անելիս, վարչապետը արձագանքեց․ «Ենթադրում եմ՝ այդ թվում դրանք է նկատի ունեցել»։