ԼՂ-ի հարցում հայկական կողմի քաղաքականությունը, խոսույթն ու ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են․ ՀՀ վարչապետ
«ԱԺ-ում Դուք հայտարարեցիք, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ ԼՂ կարգավիճակի հարցում մի փոքր իջեցրեք նշաձողը, ո՞րն է նշաձողը իջեցնելու գինը»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ նաև այս հարցն ուղղեցին լրագրողները։  

«Կարծում եմ այդ թեմայով ամեն ինչ շատ բաց է, որովհետև կարգավիճակի հետ կապված երբ եղավ ՌԴ հրապարակային պարզաբանումները և ասացինք, որ դա ընդունելի է մեզ համար, կարծում եմ պատկերն ամբողջացավ։ Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է թե ՄԱԿ անվտանգության խորհրդի 4 բանաձևերն ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված, որը մենք կարող ենք նաև չնկատելու տալ, դա մի մոտեցում է եղել, որի մասին մենք հիմա էլ պետք է մտածենք։ Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի լեգիտիմությունը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը հավելեց, որ ԼՂ-ի հարցում հայկական կողմի քաղաքականությունը, ռազմավարությունները, խոսույթը մեկը մյուսին հակասել են․ «Սա նույնպես իր հետ բերել է որոշակի հետևանքներ։ Մեր անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂԻՄ-ի և Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության կամ Հայաստանի հանրապետության վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, և դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե՝ ԼՂ-ի անկախության հռչակման մասին»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ հետագայում բանակցել են այս տրամաբանությամբ, իսկ 2007թ․ Մադրիդյան սկզբունքներով ընդունել են, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով․

«Սրանով մենք փաստորեն հերքել ենք 1991թ․-ի դեկտեմբերի հանրաքվեն ԼՂ-ում։ Այդ ամեն ինչը նաև դրա արտահայտությունն է։ Եթե մենք 2007թ․ ընդունում ենք, որ այն հանրաքվեն, որը տեղի է ունեցել փաստորեն չի որոշել որևէ կարգավիճակ հետևաբար որտե՞ղ է ԼՂ-ն մեր պետական քաղաքականության տրամաբանության մեջ։ Այդ առումով է, որ մեր քաղաքականությունը փաստորեն այնպիսին է, որ Լաչինի միջանցքի հետ կապված մեր դիրքորոշումը շարադրելիս ես ասել եմ, որ այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որպեսզի ԼՂ-ի ժողովուրդը, ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ-ում, շարունակի մնալ հայ, շարունակի իրեն համարել ղարաբաղցի՝ արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում։ 2018թ․ մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ-ի ճակատագիրը և ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդն է որ պետք է որոշի և ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի՝ այդ թվում Ադրբեջանի իշխանությունների հետ»։