Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարում իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքի մասով, Դուք որպես պետության ղեկավար՝ ունե՞ք ձեր տեսլականը, ի՞նչ ենք անելու մենք․ հարց՝ վարչապետին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ավրորա նյուզի» հարցին, թե այս փուլում, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարում իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքի մասով, կարծես ելքը չի երևում, որպես պետության ղեկավար ունի՞ իր տեսլականը, պատկերացնո՞ւմ է՝ ոնց է այդ հարցը լուծվելու, ի՞նչ ենք անելու մենք, եթե ադրբեջանցի «բնապահպանները» չբացեն ճանապարհը, նման պատասխան տվեց․ «Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սևով սպիտակի վրա։ Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Սա նաև մեծ հաշվով սադրանք է, որն ունի 2 նպատակ․ առաջինը՝ կոտրել ԼՂ մեր հայրենակիցների կամքը ապրելու սեփական տանը, սեփական հայրենիքում և երկրոդը՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Մենք այս հարցին պետք է մտածված և հետևողական քայլերով արձագանքենք»։
Ըստ վարչապետի՝ առաջինը պետք է փորձենք կապիտալիզացնել այն միջազգային արձագանքը, որը կա ԼՂ-ի, Լաչինի միջանցքի շուրջ։ «Այստեղ իհարկե շատ կարևոր է ՌԴ-ի դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը», ասաց վարչապետը՝ շարունակելով․ «Ես իմ վերջին հարցազրույցներից մեկում ասել եմ, որ եթե պարզի, որ ՌԴ-ն այդ պարտավորությունը չի կարողանում կատարի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ՌԴ խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ, բազմազգ առաքելություն, որը կապահովվի արդեն իսկ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված անվտանգային ճարտարապետությունը»։
Վարչապետը նաև խիստ կարևորեց մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումները։ «Ինչի՞ մասին է խոսքը․ ի վերջո, մենք 1994 թ-ից հետո բավարար ուշադրություն չենք դարձրել մեր երկրի ինստիտուցիոնալ կայացմանը։ Սա օբյեկտիվ իրողություն է։ Ըստ էության, 1999 թ հոկտեմբերի 27-ից հետո մեր Զինված ուժերում բարեփոխումներ տեղի չեն ունեցել»,- մանրամասնեց նա։
Փաշինյանը շարունակեց, որ իրավիճակի լուծումը տեսնում է նաև ԼՂ-ի միջազգային տեսանելիությունը բարձրացնելով, խնդրի միջազգային հնչեղությունը մեծացնելով․ «Սա է մեր ճանապարհը»։
Մանրամասները տեսանյութում։