«Հայկական ժամանակ» օրաթերթում «Հավաստի աղբյուր» կեղծանվան տակ հրապարակված հոդվածները՝ Ադրբեջանի, ՌԴ-ի՝ ՀՀ-ից ունեցած պահանջների մասին, արդյոք հեղինակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու չեն ներկայացվում նաեւ Վաշինգտոնի, Բրյուսելի դիրքորոշումները՝ ԼՂ հարցի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «24news»-ի հարցին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Իմ այսօրվա օրակարգը մի փոքր ավելին է, քան «Հայկական ժամանակ»-ի թեմաներվ զբաղվելը։ Այն, ինչ ունեմ ասելու իմ անունից, ասում եմ եւ այսօր էլ առանց վարանելու ասել եմ։ Մնացած հարցերը վերաբերում են լրատվամիջոցներին, որոնց գործունեությանը ես չեմ միջամտում»։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնի, Բրյուսելի դիրքորոշումներին, ապա, ըստ վարչապետի, ինքն այս ընթացքում հայտնել է դրանց մասին, ԼՂ հարցի միջազգային ընկալումների մասին, նոր ասելիք չկա։ Ինչ մնում է ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովի այն դիտարկմանը, թե՝ ԼՂ հարցի լուծումը պետք է թողնել ապագայի սերունդներին, եւ ինչ պատկերացում ունի այս մասով արեւմուտքը, ապա վարչապետի խոսքով․ «Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք առաջարկած բանաձեւի հիման վրա ստորագրել փաստաթուղթ եւ այսօր էլ վերահաստատում եմ դա։
Ինչ վերաբերւմ է արեւմուտքին․ կարծում եմ նրանց տեսակետն այն է, որ հարցը պետք է կարգավորվի, այսինքն հնարավորինս համապարփակ կարգավորմանը հասնելն ավելի խելամիտ է, քան կարգավորումը հետաձգելը, քանի որ հետաձգված կարգավորումը նշանակում է հետաձգված հակամարտություն։ Եւ մենք պատրաստ ենք գնալ թե՛ մեկ, թե՛ մյուս ճանապարհով»։
Ըստ վարչապետի՝ փաստաթղթերի վերնագրերը միշտ չէ, որ ամեն ինչ պատմում են, «վերնագրերի ներքո պետք է տեքստ լինի՝ ասենք՝ խաղաղության պայմանագիր, հարաբերություների կարգավորման պայմանագիր»։ «Եթե միայն այդքանը լիներ, ոչ մի պրոբլեմ չէր առաջանա, եւ կարելի էր տեղում գրել «խաղաղության պայմանագիր» եւ տակը ստորագրել։ Բայց անխուսափելիորեն տակը տեքստ կա եւ այդ մանրամասները երբեմն ավելի կարեւոր են, քան վերնագիրը։ Այն առումով, որ վերնագիրը տեսանելի է, բայց միշտ չէ, որ ինքնաբերաբար տակի տեքստը հենց նույնն է նշանակում։ Հարց հնչեց՝ ո՞ր դեպքւմ կստորագրեմ կամ չեմ ստորագրի․ երբ որ ՀՀ շահերին համապատասխան լինի։ ՀՀ պետականության հարատեւությունն է մեր այսօրվա ռազմավարական խնդիրը, որը մենք պետք է լուծենք»։