Ռուս խաղաղապահերն են ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում, դա ոչ մեկը չի վիճարկում, բայց կան հարցեր, որ հանրությանը պետք է պատասխան տանք․ վարչապետ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Միայն Ադրբեջանն էր, որ քննադատում էր ռուս խաղաղապահներին, սակայն այսօր Հայաստանի իշխանություններն են ակտիվորեն ներգրավված ռուս խաղաղապահներին քննադատելով՝ քաջ գիտակցելով, որ նրանց մանդատն այսօր սահմանափակվում է ուժի չկիրառմամբ, զենքը չօգտագործելով՝ բացառությամբ նրանց անձի ուղիղ սպառնալիքի դեպքերին և ոչ ուղիղ շփումներին։ Եվ փաստացի այսօր բացի ռուսական բանակից Արցախի ՊԲ-ն է արցախցիների ֆիզիկական անվտանգության երաշխավորը։ Երևանը որքանո՞վ է ներագրավված ռուսական կողմի հետ բանակցություններում, արդյոք անձամբ հանդիպե՞լ և քննարկե՞լ եք ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի՝ Անդրեյ Վոլկովի հետ»,-այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ նաև այս հարցն ուղղեցին լրագրողները։
«Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում և այս մտահոգությունները վաղուցվա ծագում ունեն։ Մեր ռուս գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ, սա շարունակում է ակնհայտ լինել։
Մենք պետք է հասկանանք ռուս խաղաղապահներն ի՞նչ գործառույթ են այնտեղ իրականացնում։ Եռակողմ հայտարարությունը հստակ ձևակերպում է՝ գրած է, որ Լաչինի միջանցքը մտնում է ռուս խաղաղապահների վերահսկողության, այնտեղ պարտավորություն ունեն ՌԴ-ն և Ադրբեջանը։ Համաձայն եմ Ձեր գնահատականի հետ, որ ռուս խաղաղապահերն են ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում հենց այսօր, դա ոչ մեկը չի վիճարկում, բայց մենք ունենք Փառուխի դեպքերի նախադեպը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և մենք ըստ էության ոչ մի արձագանք չենք տեսել։ Էլի վերադառնանք Խծաբերդի դեպքերին, երբ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ՀՀ քաղաքացիներ են գերեվարվել։ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ․ օրինակ՝ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին Լաչինի միջանցքում։ Սրանք հարցեր են, որ մենք ի վերջո հանրությանը պետք է պատասխան տանք։ Ես այս հարցերը ոչ թե ռուս խաղաղապահների հրամանատարի, այլ ՌԴ գերագույն հրամանատարի հետ եմ քննարկում և սա ճիշտ ֆորմատ է»,- պատասխանեց ՀՀ վարչապետը։