Ինչ էլ հայտարարած լինեմ՝ դա չի փոխելու նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը․ վարչապետը՝ Արցախին առնչվող իր հայտարարությունների մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Դուք ասացիք՝ Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա է և բոլոր սլաքներն ուղղվում են ՌԴ-ի դեմ, բայց արդյո՞ք ՀՀ իշխանությունն իր մեղքը չունի։ Դուք խորհրդարանում արել եք հայտարարություն, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տեսական և գործնական հնարավորություն չկա, արդյոք դա չի դառել խաղաթուղթ Ադրբեջանի ձեռքում, Ադրբեջանը կարող է իր միջազգային գործընկերներին՝ այդ թվում ռուսներին ասել, որ Լաչինի միջանցքի թեման ներպետական հարց է և ես դա լուծելու եմ առանց խաղաղապահների»,- այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ նաև այս հարցն ուղղեցին լրագրողները։
«Դուք կարող եք իմ արած որևէ հայտարարություն գնահատել այս կամ այն կերպ, բայց իրականությունն այն է, որ իմ արած որևէ հայտարարություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածի տեքստը չի փոխում։ Ես հիմա չեմ ուզում արձագանքել իմ արած հայտարարության բովանդակային մասին, ինչու, որովհետև ինչ էլ հայտարարած լինեմ, ենթադրենք ցանկացած մեկնաբանություն, որը Դուք կանեք այդ հայտարարությունների վերաբերյալ, որը ես ենթադրենք կհամաձայնեմ անվերապահ ընդունել՝ դա չի փոխելու նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը։ Մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։ Մենակ մի բան կա, որ կարող է փոխել այդ հայտարարության տեքստը, եթե ես ասեմ մենք հետ ենք վերցնում ստորագրությունն այդ հայտարարության տակից, մենք նման բան չենք հայտարարում։ Մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որը գրավոր ֆիքսվել է և որի տակ մենք ստորագրել ենք»,-պատասխանեց ՀՀ վարչապետը։