Մենք այս խոսույթը բարձրացնում ենք նաև որպես ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր երկիր. Փաշինյանը՝ Արցախի անվտանգությունը երաշխավորելու կառավարության խոստման մասին
«Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու ձեր կառավարության խոստումը, որը կառավարության ծրագրում է գրված, ի՞նչ անենք՝ ժամկետա՞նց համարենք, սա ձեռքերը լվանալ չի՞ Արցախից, ինչպես ձեզ մեղադրում են: Եվ Ադրբեջանն էլ ի վերջո չի համաձայնում նստել նույն սեղանի շուրջ Արցախի հետ»,- այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը:  

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ոչ մի բան ժամկետանց համարել պետք չի և չի կարելի: Հարցն այն է, թե որևէ առաքելություն ինչ բանաձևով է իրագործվում: Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարմամբ է Լաչինի միջանցքը, համաձայն եռակողմ հայտարարության, գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Մենք պետք է ելնենք այդ իրողությունից և այդ գործառույթի իրականացման նորանոր բանաձևեր փնտրենք: Եթե ՌԴ-ն չի կարողանում այդ գործառույթն իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ ԼՂ բազմազգ խաղաղապահ զորախումբ գործուղելու հարցով: Մենք այս խոսույթը բարձրացնում ենք, այդ թվում նաև որպես ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր երկիր: Եթե ձեր ասածն է, ապա մենք ինչո՞ւ ենք այդ հարցով զբաղվում»:

Վարչապետի խոսքով՝ անվտանգությունը շատ բազմաշերտ կոմպոնենտ է. «Երբ մենք 2022 թվականին 170 մլրդ-ի աջակցություն ենք տրամադրել ԼՂ-ին, դա անվտանգությանը ծառայո՞ւմ է»: