Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվել, իսկ տարբերություններ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների միջև՝ միշտ էլ եղել են. Աշոտյան

ՀՀԿ-ն այսօր որոշում է ընդունել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ։
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց լրագրողներիի հարցին:

Նա նկատեց, որ իրենք մանդատների համար պայքար չենք մղելու. «ՀՀԿ-ի խնդիրը 5 տոկոսը հաղթահարելը չէ, մենք այն հաղթահարել ենք նաև 2018-ին»։

Լրագրողի հարցին, թե քննարկել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց, եթե ոչ, ապա կա՞ արդյոք խանգարող հանգամանք, կամ  կա՞ Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան անձնական բարիեր, որը հաղթահարված չէ, Աշոտյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվել: Իհարկե միշտ էլ տարբերություններ եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների միջև։ Այդ տարբերությունները միշտ են եղել՝ 2000-ականներին, երբ Քոչարյանը նախագահ էր, իսկ Սարգսյանը տարբեր պաշտոններ էր զբաղեցնում։ Բայց ոչ մի տարաձայնություն, տարակարծություն սկզբունքային չի եղել ռազմավարական նպատակներին հասնելու համար»։