Այս պահի դրությամբ 3370 սերտիֆիկատ է տրամադրվել տեղահանված արցախցիներին՝ բնակարան գնելու համար, որից 158 արցախցու վարկը հաստատվել է, նրանց մի մասն արդեն տուն է գնել ու տեղափոխվել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ու տեղեկացրեց, որ մեծամասնությունը տուն է գնել ՀՀ մարզերում։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
բնակարանի գնման սերտիֆիկատներ է տրամադրում տեղահանված արցախցիներին 8-14 մլն դրամի սահմաններում։ Սակայն որոշ տեղահանված արցախցիներ, այդ թվում՝ Բերձորի նախկին բնակիչները, պարբերաբար իրենց դժգոհությունն են արտահայտում բնակարանի գնման սերտիֆիկատների հարցում՝ նշելով, որ տները թանկ են, և 10 մլն-ով ՀՀ մարզերում չեն կարող տուն գնել։
Մենք նաև կապ հաստատեցինք Արցախի Բերձոր բնակավայրի նախկին քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ՝ ճշտելու, թե 2022թ. օգոստոսին Բերձորից, Աղավնոյից ու Սուսից դուրս եկած արցախցիներին արդյոք հաջողվե՞լ է արդեն իսկ բնակարան ձեռք բերել։
«Բերձորից բնակչության մեծ մասը դուրս եկավ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ. մինչև դեկտեմբերի 1-ը, իսկ 2022թ. օգոստոսին բնակչության ընդամենը 1 տոկոսն է դուրս եկել։ Բոլորն այս պահին հանդիսանում են ՀՀ կառավարության հավաստագրի շահառու։ 1-2 տոկոսը գնել է բնակարաններ»,- պատասխանեց Նարեկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ բնակիչների հիմնական մասը Հայաստան է տեղափոխվել, քչերն են մնացել Արցախում: «2022թ. օգոստոսին 3-ին բնակավայրերից մոտ 160 ընտանիք է դուրս բերվել։ Բերձորից այս պահին ընդամենը 15 ընտանիք է Արցախում ապրում։ Քանի որ Արցախի Հանրապետությունն էլ ունի որոշում Արցախում մարդկանց տներով ապահովելու, արդեն շահառուն ինքն է որոշում՝ մնա՞լ Արցախում, որտեղ տեղում կառուցվում է բնակարան, թե՞ գալ Հայաստան ու օգտվել ՀՀ կառավարության կողմից տրվող սերտիֆիկատներից։ Իմ տեղեկություններով՝ մի մասը ՀՀ հավաստագրերից չի օգտվել, դիմել են Արցախի կառավարությանը, որպեսզի իրենց համար բնակարան կառուցվի»,- հավելեց Բերձորի նախկին քաղաքապետը։
Հարցին՝ ադրբեջանցիներն արդեն բնակեցվե՞լ են Բերձորում, Սուսում ու Աղավնոյում, Նարեկ Ալեքսանյանն արձագանքեց. «Ըստ իրենց տարածած վիդեոների՝ շինարարական աշխատանքներ են կատարվում այդ բնակավայրերում, բայց ինչքանո՞վ են բնակեցված՝ տեղեկություն չունեմ, տներ կան, որ քանդել՝ փոփոխել են, տներ կան, որ տանիքներն են փոխել»։
Նարա Մարտիրոսյան