«Լրիվ Հալեպը երեկ գիշեր բացօթյա տեղեր գացին, քիչ մը կենտրոնեն դուրս ելան մեքենաներով ու այդտեղ քնեցին՝ պզդիկներով, կիներով։ Լրիվ օրը տուն չի մտան, դուրսը քնեցին։ Շատ ցուրտ է և անձրև, քույրս ասում է՝ տեղատարափ անձրև գալիս է, և մենք մրսում ենք, դուրսերն ենք, շենք չենք ելած՝ ցնցումներ դեռ կան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց դեռևս 2012թ.-ին Սիրիայի հակամարտության հետևանքով Հալեպից Հայաստան տեղափոխված Սալբի Քէլէշեանը։
Սալբի Քէլէշեանի հարազատները, այդ թվում՝ իր քույրը, ամուսնու քույրն ու եղբայրները, իրենց ընտանիքներով դեռևս Հալեպում են ապրում՝ Վիլաներ և Սուլեմանիե թաղամասերում։
Մեր զրուցակիցը պատմեց, որ այն շենքերը, որտեղ իրենց հարազատներն են ապրում, չեն ավերվել երկրաշարժից, բայց տան իրերն ամբողջությամբ վնասվել են՝ պահարանները, հեռուստացույցը գետնին են ընկել ու կոտրվել։ Նրա խոսքով՝ Հալեպում բոլորը դրսում են գիշերել, նույնիսկ այն մարդիկ, որոնց շենքերը չեն վնասվել երկրաշարժից։
Հարցին՝ կառավարությունը բնակիչներին ապահով քաղաքներ տեղափոխելու քայլեր ձեռնարկո՞ւմ է, Սալբի Քէլէշեանն արձագանքեց. «Կառավարությունն այդ կարողությունը չունի։ Հալեպի ժողովուրդն արդեն աղքատ ժողովուրդ է։ Պատերազմեն ի վեր լույս չունեն, գազ չունեն։ Կառավարությունը օրական 2 ժամ հոսանք է տալիս, բալոններով գազ է տալիս, բայց օրենք է դրել, թե որ օրերին կարող են գնել գազը»,- ասաց նա ու հավելեց, որ բենզինը և հացը ևս սահմանված քանակով են տրվում բնակիչներին. «Հալեպը դարձել է մեռյալ քաղաք, երբ մենք անցած տարի գացինք, ոչ մի մեքենա անցնում է, ոչ մի մարդ կա, շենքերը դատարկ, հայկական թաղամասերը լալիկ վիճակ է»։
Սալբիի քույրը հեռախոսազրույցի ժամանակ պատմել է, որ հայերը եկեղեցիների ու դպրոցների բակերը, սրահները բացել են, և ովքեր ցանկանում են, այնտեղ են մնում։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, ավերվել են մի շարք բնակավայրեր, կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։
Նարա Մարտիրոսյան