Անկարան թույլ չի տա, որ Թուրքիայի միջոցով շրջանցվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Չավուշօղլու
Անկարան մտադիր չէ թույլ տալ, որ Թուրքիայի միջոցով շրջանցվեն Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո Թուրքիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, բայց հավատարիմ ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Բայց մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում և վերահսկում ենք իրավիճակը, որպեսզի Թուրքիայի միջոցով չշրջանցեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները։ Մեզ մոտ էր եկել ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը, մենք տեղեկություններ ենք ստանում ԵՄ ներկայացուցիչներից, մենք այդ ամենը քննարկում ենք նախարարների կաբինետի նիստերում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում և դա թույլ չենք տա»,- ասել է նա։