Այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ հերթական նիստում դատախազների աշխատավարձերը բարձրացնելու հարցի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կողմից բարձրացված հարցերին, թե՝ համակարգեր են քանդվում, թե՝ բաց է առաջանում պետական համակարգի տարբեր ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի և եկամուտների բաշխման համատեքստում, ասաց. «Ընդհանրապես պետական կառավարման համակարգում ամբողջական աշխատավարձային ֆոնդի վերանայումը ըստ էության գործնականում անհնար է, եթե խոսքը էֆեկտիվ փոփոխությունների մասին է, որովհետև այդ մասշտաբի փոփոխությունները ֆինանսական ահռելի բեռ են պետբյուջեի վրա: Եվ տրամաբանական է, որ կառավարության կողմից առաջնահերթ համարվող կոնկրետ ոլորտներում տեղի են ունենում այսպիսի փոփոխություններ»:
Նա ընդգծեց, որ խոսքը այդ թվում նաև այնպիսի գործերի վերահսկողության մասին է, որոնք հարյուրավոր միլիարդ դրամների կոռուպցիոն ռիսկեր են պարունակում. «Եվ բնականաբար այդպիսի մեծ ֆինանսական ռիսկեր պարունակող գործերը քննող դատախազները պետք է առնվազն պատշաճ եկամուտ ունենան»:
Նրա խոսքով՝ սա բխում է ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունից. «Սա կառավարության կամ կոնկրետ անձանց քիմքի հարց չէ, պարոն Ավետիսյան, սա ՀՀ քաղաքացիների կողմից տրված մանդատի շրջանակներում արվող փոփոխություն է»: