Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։ Այդ իրադարձությունների ականատեսներից շատերի գնահատմամբ՝ մայրաքաղաքում այդ օրը ոչ միայն քաղաքացիներ գնդակահարվեցին, այլեւ՝ Հայաստանի ժողովրդավարությունը։ Իսկ երբ սկսեցին այդ գործի շրջանակում հարուցված քրեական կեղծ գործերով դատավարությունները՝ գնդակահարվեց նաեւ արդարադատությունը։ Մարտի 1-ի գործը լիարժեքորեն կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ երկրում իշխանափոխություն տեղի ունենա՝ այս հայտարարությունը հաճախ էր լսվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, մինչեւ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո, երբ այս գործի վերաբացման շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, հույս կար, որ վերջապես տեղի կունենա գործի ամբողջական բացահայտում։ Մինչդեռ, նախկին իշխանությունն ամեն գործիք կիրառեց՝ պատասխանատվությունից «պլստալու» համար։ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչվելու հիմքով նախկին նախագահն ու վերոհիշյալ անձինք
արդարացվեցին։ Այսպիսով «Մարտի 1»-ի գործը՝ գլխավոր պատասխանատուների՝ հրաման տվողների մասով, հոռետեսների դիտարկմամբ, ուղարկվեց պատմության գիրկը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցյալ տարի մայիսին ԱԺ-ում
անդարդառնալով մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին՝ նշեց, Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել իր կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերվում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։
«Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը»։ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի՝ օրինակա՞ն է, արդյոք, 2008 թ․ արյունալի իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով արդարացման որոշումը։ Եւ եթե որոշի մերժել դիմումը, ապա կարելի է փակված համարել սույն անձանց՝ «Մարտի 1»-ի գործով պատասխանատվության ենթարկելու հարցը։
Մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա դատապարտված, ապա եւ տարիներ անց արդարացված Արամ Բարեղամյանը civic.am-ի հետ զրույցում վերհիշելով 15 տարվա վաղեմության դեպքերը՝ ասաց, որ համաձայն չէ, որ գործն ուղարկվել է պատմության գիրկը․
«Պատմության գիրկը՝ վատ իմաստով, ուղարկվել է այդ դեպքերի պատասխանատու, այդ սպանդը կազմակերպած բանդան։ 15 տարի առաջ առաջին անգամ բանդայի կողմից կրակ բացվեց ժողովրդի վրա, շատերը հանիրավի դատապարտվեցին, հետո ազատ արձակվեցին։ Այո՛, եղավ որոշակի գործընթաց, եղան որոշակի բացահայտումներ, սակայն մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելու գործընթացը կարծես թե կանգ առավ։ Ես հույս ունեմ, որ ապագայում գործը ամբողջությամբ կբացահայտվի։ Եթե չբացահայտվեց, ես մտավախություն ունեմ, որ հույսը, որը կա արդարադատության նկատմամբ, կմարի եւ այլեւս չի վերականգնվի։ Ամեն դեպքում՝ ես լավատես եմ, դեռ հույսս չեմ կորցրել, սակայն հարց է, թե երբ տեղի կունենա գործի լիարժեք բացահայտումը»,-ասաց Արամ Բարեղամյանը։
Նա նշում է, որ 2008-ի հետընտրական շրջանում «ՀՀ ողջ տարածքում Ազատության հրապարակը միակ վայրն էր, որը խորհրդանշում էր ընդդեմ բռնակալության պայքարը եւ ազատություն տենչը»։
«Եթե հրապարակից դուրս էիր գալիս, ընկնում էիր բռնատիրության ճիրանները։ Հրազդանում, որտեղից որ ես գալիս էի, ընկած ման էին գալիս, թե ով է գնում միտինգների, որ միջոցներ ձեռնարկեն։ Մեր նպատակն էն էր, որ ազատության շունչն ու տենչը դուրս գա Ազատության հրապարակի «կոլցոյից» եւ տարածվի ողջ հանրապետությունով։ Սակայն մեզ մոտ չստացվեց, քանի որ բռնության միջոցով խեղդեցին այդ շունչը։ Մարտի 1-ի վաղ առավոտյան, հենց բռնարարները մտան Ազատության հրապարակ, առաջին հարվածը ես եմ ստացել, մի պահ գիտակցությունս կորցրել եմ, այնուհետեւ ինձ տեղափոխել են հիվանդանոց։ Առավոտյան 7-ն անց 10 ես արդեն հիվանդանոցում էի, հետո մինչեւ ամսի 7-ը ուղեղի ցնցում ստանալու հետ կապված բուժում եմ ստացել, իսկ այնուհետ հիվանդանոցից անմիջապես ինձ ուղեկցել են դեպի իրավապահ մարմիններ՝ Հատուկ քննչական ծառայություն, այնուհետեւ՝ Դատախազություն, այնուհետեւ մեղադրանք են առաջադրել եւ դատապարտել են մի քանի հոդվածով»։
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով նախատեսված հարցավոր արարքները կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. հոկտեմբերի 3-ի իր որոշմամբ ուժի մեջ էր թողել վերոհիշյալ որոշումը: Հետագայում՝ 2019թ., ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հիմնարար խախտման հիմքով բողոք էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:
2020թ. մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր բողոքը, բեկանել էր այդ դատական ակտերը և քրեական գործն ուղարկել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Եվ ահա 2021թ. սեպտեմբերի 6-ին, Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար: Արդյունքում դատարանի կողմից կայացվեց արդարացման դատական ակտ։
2008-ի նախագահական ընտրությունների նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Բարեղամյանն ասում է՝ իշխանությունը խնդիր էր դրել քաղաքականապես ակտիվ մարդկանց բռնաճնշումների, ծեծ ու ջարդի, հարազատներին աշխատանքից ազատելու եւ այլ բռնակալական մեթոդների միջոցով ստիպել հետ կանգնել երկրում իշխանություն փոխելու, ազատ ապրելու ձգտումից։ «Բռնապետություն էր՝ բառիս բուն իմաստով»,-նշեց մեր զրուցակիցը։ Ի պատասխան մեր դիտարկման՝ այժմ էլ փողոցային ակցիաներ անող՝ Քաչարյանի աջակիցներն են գործող իշխանությանն անվանում բռնապետություն՝ Բարեղամյանն արձագանքեց․ «Ես էլ եմ, այո, շատ անգամ լսել, սակայն դա ինձ մոտ միայն ծիծաղ է առաջացնում։ Էս իշխանությունները ի վիճակի չեն անել այն, ինչ անում էին նախկինները ժամանակին, բռնությունների, քրեական շինծու հետապնդումների ծավալը նկատի ունեմ»։
Նկատեցինք, որ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները մինչեւ այժմ բացահայտված չեն։ Ի՞նչն է, իր կարծիքով, բացահայտման առկախման պատճառը՝ ապացույցնե՞ր են ոչնչացվել, թե՞ նախաքննական մարմինը շահագրգռված չէ պատասխանատվության կանչել մեղավորներին։ «Ըստ տեղեկությունների՝ ապացույցները կեղծվել, ոչնչացվել են։ Ես ավել բան չեմ կարող ասել։ Պնդում անելու համար պետք է ինֆորմացիայի տիրապետեմ։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ հենց այդ՝ ապացույցները ոչնչացվու հետեւանքով է, որ զոհերի մասով չունենք բացահաայտումներ։ Բայց չեմ կարծում, որ նախաքննական մարմինն այնքան անզոր է, որ չի կարող նույնականացնել մարդասպաններին։ Եւ ոչ միայն մարդասպաններին, այլեւ՝ մարտի 1-ի բուն կազմակերպիչներին։ Չեմ ուզում անուններ նշել, բայց ակնհայտ է, որ նրանք կանգնած են եղել վերեւում՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, ոստիկանության ղեկավարություն եւ այլն։ Մեծ-մեծ խոսելով չի, կան վկայություններ, չէ՞, իրենք չեն կարող իրենց դնել անմեղի տեղ։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, բոլորն անխտիր։ Քոչարյանական, սերժական բանդաները կդադարեն մեծ-մեծ խոսել միայն էն ժամանակ, երբ որ «Մարտի 1»-ի գործով առկա բոլոր ապացույցները, վկայությունները դրվեն հասարակության առաջ։ Հասարակությունը, չնայած, գիտի ամենի մասին, սակայն պետք է նաեւ պաշտոնապես հրապարակել»։
Հեղինե Մանուկյան