Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմությունը պիտի լքի դահլիճը. Դուք կենդանի հուշարձանն եք 20-ամյա խայտառակության. Հայկ Կոնջորյան
Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմությունը պիտի լքի դահլիճը. չնայած աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում, բայց այս դեպքում մեր ընդդիմությունը ծայրահեղ կանխատեսելի է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և հավելեց. «Սա ընդդիմության ինքնության, որպես քաղաքական մարմին, ամենաշռնդալից ապացույցն է, երբ ընդդիմությունը այստեղ շառաչուն մտքեր է արտահայտում, իսկ հետո երբ գալիս է մեր արձագանքի պահը, դահլիճը լքում են, ճողոպրում են: Եթե դուք լքում եք բանավեճի դահլիճը, ապա լքում եք նաև մյուս բոլոր դաշտերը»:

«Ամեն անգամ գալիս են կուսական զարմանքով խոսում են, թե այ մենք չգիտենք, թե դուք ինչ եք բանակցում՝ այն դեպքում, երբ վարչապետը ուղիղ եթերով իրենց հրավիրել է փակ քննարկման, որտեղ պատրաստ էր ներկայացնել այդ թվում նաև բանակցային գործընթացը: Էս մարդիկ շեֆից հարցրել են, շեֆը արգելել է, և չեն գնացել էդ քննարկմանը»,- ասաց Հայկ Կոնջորյանը:

Ինչ վերաբերում է անցյալից չխոսելու ընդդիմության հորդորներին, պատգամավորն ընդգծեց. «Ախր դուք պարզապես մեռած անցյալը չեք, մեռած պատմություն չեք: Դուք կենդանի պատմություն եք, ձեր կայացրած որոշումներն այսօր ազդում են մեր կյանքի վրա: Դուք կենդանի հուշարձանն եք այն բանի, թե ինչքան խայտառակ կարող է լինել բանակցությունը, դիվանագիտությունը և պետական կառավարումը»:

Մանրամասն՝ տեսանյութում