Ընդդիմության վարչապետի թեկնածուներից Էդգար Ղազարյանը և նրա քույրը 2 բնակարան են ձեռք բերել «Բյուրեղ» համալիրում՝ մեկ քառակուսի մետրը 1080 դոլարով․ Ինչ և ինչու է վրիպել «Հետքի» աչքից
Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակարանային համալիրում մեկ քառակուսի մետրը 1080 դոլարով բնակարան է ձեռք բերել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նույն թաղամասում, նույն գնով մեկ բնակարան էլ ձեռք է բերել Ղազարյանի քույրը՝ Լիլիթ Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը, ինչպես հայտնի է, ընդդիմության վարչապետի թեկնածուներից էր, անգամ հանրահավաքներ էր հրավիրում ու Փաշինյանին խաղաղ հեռանալու ժամկետ տալիս, իսկ այժմ էլ իր խոսքով՝ համաձայնություն է տվել ՄԻՊ ընդդիմության թեկնածու լինելու համար, սակայն ընդդիմությունը չգիտես ինչու չի շտապում նրա թեկնածությունն առաջադրել։  

«Բյուրեղ» համալիրում, ինչպես արդեն գրել ենք, 2 բնակարան է ձեռք բերել նաև Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ թիմակից՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Չախչախ» թագուհու տիտղոսին հավակնող Էլինար Վարդանյանը։ 

Հիշեցնենք. սա այն թաղամասն է, որտեղից բնակարան էր ձեռք բերել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչը լայն քննարկումների, խոսակցությունների առիթ էր հանդիսացել։ Էլինար Վարդանյանն իր բնակարանները ձեռք էր բերել մեկ քառակուսի մետրը 1240 ԱՄՆ դոլարով, Ղազարյանը և վերջինիս քույրը նույն համալիրում իրենց բնակարանները ձեռք են բերել ավելի էժան գնով՝ գրեթե այն գնով, ինչ նախարար Պապիկյանը․ Պապիկյանը, ինչպես հայտնի է, դեռևս 2021-ին ամրագրված պայմանագրով՝ 2022-ի հուլիսին բնակարանը ձեռք էր բերել մեկ քառակուսի մետրը 1019 ԱՄՆ դոլարով։

Նշենք նաև, որ Էդգար Ղազարյանը այժմ որևէ հանրային, պետական պաշտոն չի զբաղեցնում։ Հայտնի չէ նաև, թե որտեղ է աշխատում։

Վովա Հակոբյան