Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին
Մարտի 24-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում՝ ընդգծելով, որ կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել:

Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը, այդ թվում՝ չարաշահելով երեխաների իրավունքների թեման առերևույթ քարոզչական նպատակների համար, և դրա փոխարեն կատարի իր իրավական պարտավորությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։