«Հետքի» փոխխմբագիրը 1 քմ-ն 1195 դոլարով բնակարան է գնել «Բյուրեղ» թաղամասում, սակայն միայն Սուրեն Պապիկյանի դեպքում է «Հետքը» դա համարում «շատ էժան» և կոռուպցիոն ռիսկ տեսնում
Օրեր առաջ «Հետք»-ը «սենսացիոն» հոդված էր հրապարակել՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Բյուրեղ» համալիրում բնակարան ձեռք բերելու մասին։ Ըստ «Հետք»-ի՝ Պապիկյանը բնակարանը ձեռք էր բերել անհամեմատ էժան գնով, քան դրանք վաճառվում են այսօր, և դրանում կոռուպցիոն լուրջ ռիսկ տեսել։ Ինչպես հայտնի է՝ Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել 2022-ին՝ մեկ քառակուսի մետրը 1019 ԱՄՆ դոլարով։  

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարարը պարզաբանեց, որ բնակարանը ամրագրել է ավելի վաղ՝ 2021 թվականին, այսինքն՝ այդ ժամանակվա գնով, ոչ՝ 2022թ.-ի։ Սակայն «Հետքը» չի հրապարակել այս տեղեկությունը՝ գերադասելով թափահարել էժան սենսացիան՝ իր հայթայթած կիսատ տեղեկատվությամբ։ 

Հետաքրքրական է, որ նույն «Բյուրեղ» թաղամասում բնակարան է ձեռք բերել նաև «Հետք»-ի փոխխմբագիր Լիանա Սայադյանը։ Նա իր բնակարանը ամրագրել է 2020 թվականի դեկտեմբերին՝ մեկ քառակուսի մետրը 1195 ԱՄՆ դոլարով։ Այժմ «Հետք»-ի փոխխմբագրի բնակարանը այդ նույն համալիրում կրկնակի թանկ արժի, ինչպես և Պապիկյանի բնակարանը 2021-ին այլ գին ուներ, այժմ՝ այլ։ Արժե նաև նշել, որ նույն թաղամասում բնակարանների գները կարող են որոշակի տարբերվել՝ կախված տարածքի քմ-ների քանակից և հարկայնությունից։

Երևանում բնակարանները թանկացան 2022 թվականի փետրվարից հետո, երբ Հայաստան տեղափոխվեցին բազմաթիվ ռուսաստանցիներ և ուկրաինացիներ։ Բացի դրանից, բնակարանները թանկանում են նաև կախված նրանից, թե որքան է մոտենում նորակառույցի հանձնման տարեթիվը։ Կախված հանձնման ժամկետից, դոլարի փոխարժեքից և ամրագրման ժամկետից՝ բնակարանները կարող են մինչև կրկնակի թանկանալ, ինչպես դա տեղի է ունեցել Սայադյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի և Պապիկյանի ու «Բյուրեղ» թաղամասի այլ բնակարանների դեպքում։ Ակնհայտ է, որ Երևանում վաճառվող, հանձնելու ժամկետին մոտ գտնվող բնակարանները շատ ավելի թանկ արժեն, քան երբ դրանք կառուցման փուլում են։ 

Հ.Գ. Հոդվածի նպատակն է փաստել, որ Հայաստանում միջին աշխատավարձ ստացող ընտանիքները կարող են օրինական միջոցներով բնակարաններ ձեռք բերել, ինչպես դա անում են բազմաթիվ լրագրողներ, բժիշկներ, ՏՏ ոլորտում աշխատողներ, ինչպես նաև՝ նախարարներ և այլ պաշտոնյաներ։

Անուշ Վարդանյան