ԵՄ-ին ինտեգրվելու հանրաքվեով կխուսափենք հերթական պատերազմից․ Դավիթ Ստեփանյան

 «ԵՄ-ին ինտեգրվելու հանրաքվեով կխուսափենք հերթական պատերազմից։ Դեպի ԵՄ գնալը գոյաբանական վտանգներին դիմակայելու գործիքակազմերից մեկն է»: Այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝  անդրադառնալով 4 կուսակցությունների ու քաղհասարակության կողմից իշխանությանը ուղղված առաջարկին, այն է՝ 4 ամսվա ընթացքում անցկացնել հանրաքվե ԵՄ-ին ինտեգրվելու հարցով։


Ստեփանյանը գնահատում է դեպի Եվրամիություն գնալու իշխանությունների աշխատանքը, բայց կարծում է, որ քայլերը պետք է արագացնել, քանի որ ժամանակը քիչ է. «Ժողովուրդը սպասելիքներ ունի իշխանությունից, ու ակնհայտ է, որ ժողովուրդը ցանկանում է  եվրաինտեգրում։  Մենք 30 տարի սպասել ենք, ու այդ սպասելու քաղաքականությունը մեզ վրա թանկ է նստել, կորցրել ենք Սրցախ, հազարավոր մարդիկ, ու հենց դրա համար կարծում եմ, որ 3-4 ամիսը շատ ողջամիտ ժամկետ է»։


Ստեփանյանի խոսքով՝ ԵՄ-ին ինտեգրվելը Հայաստանի լինել-չլինելու հարց է. «Ադրբեջանը չի հարձակվի մի պետության վրա, որը հանրաքվե է անցկացրել ու ասել է «այո» ԵՄ-ին, Ադրբեջանը չի հարձակվի մի պետության վրա, որը Հռոմի ստատուտ է ընդունել, Ադրբեջանը չի հարձակվի մի պետության վրա, որը ունի Ֆրանսիայի հետ այնպիսի հարաբերություններ, որոնք երբևիցե չի ունեցել։ Այս շարքում սա ուղղություններից մեկն է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է այդ ուղղությունը օգտագործենք»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան