Հայաստանը՝ ունենալով անվտանգային խնդիրներ, ոչ միայն չկրճատեց, այլև ավելացրեց կրթության ֆինանսավորումը. Անդրեասյան

2022-2023 թվականները մեզ համար կրթության ռազմավարության ճշգրտման եւ անելիքների մեկնարկի ժամանակներ էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, Մատենադարանում անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսի ժամանակ իր ողջույնի ելույթում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:


Նրա խոսքով, հաստատվեց կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը՝ դրանից բխող գործողությունների պլանը, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում կարեւորագույն ծրագրերից մեկը՝ Ակադեմիական քաղաքի ծրագրի հայեցակարգը եւ մեկնարկեցին աշխատանքները այդ բոլոր ուղղություններով:


Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից, որը ունենալով ոչ միայն համավարակի, այլեւ անվտանգության շատ լուրջ խնդիրներ, ոչ միայն չկրճատեց կրթությանն ուղղվող հատկացումները, այլեւ շաևրունակաբար ավելացնում է դրանք: Օրինակ այս տարվա մեր բյուջեն նախորդ տարվանից ավելի է շուրջ 38 տոկոսով, իսկ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280 տոկոսով»,-ասաց նախարարը:


Նրա խոսքով, հայագիտությունն անգնահատելի նշանակություն ունի՝ դառնալով հետոզոտության, վերլուծության, ճանաչողության անսպառ աղբյուր, որը միշտ արդիական է. «Հայագիտական հետազոտություններն ու այդ ուղղությամբ աշխատանքը  դառնում են պետականության զարգացմանը միտված աշխատանք: Դրանք մեծ հնարավորություն են բացում հայերենի զարգացման համար, որի առաջ կանգնած են նոր մարտահրավերներ գնալով ավելի թվային դարձող աշխարհում իր կենսունակությունը պահելու ուղղությամբ:


Քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման խնդիրները, հատկապես հոգեւոր, մշակութային իմաստով, դառնում են նաեւ անվտանգության, այդ թվում տեղեկատվական անվտանգության ապահովման նախապայման: Այս իրավիճակը պահանջում է հայագիտական գործառույթների հզորացում»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:


Նա տեղեկացրեց, որ ԿԳՄՍՆ-ն բյուջեից միջոցներ է հատկացնում օտարերկրյա պետություններում հայերենի եւ հյագիտական առարկաների դասավանդման համար. «2024-ի դրությամբ մենք այս ծրագիրն իրականացնում ենք 12 պետությունների 15 կառույցներում: Ծրագրում ընդգրկված են շուրջ 200 ուսանողներ ու հետազոտողներ»:


Նա խոսեց ցանցային հայագիտական հայագիտական համալսարանի ստեղծման մասին, որով հնարավոր կլինի միվորել հայագիտական կենտրոնների կարողությունները: