Հուլիսի 20-ին նշվեց Թալի՛նի՝ սիրո, ուժի,
հավատարմության և նվիրվածության քաղաքի օրը։ Հերթական անգամ թալինցին աշխարհին պատմեց
իր մասին, հիշեցրեց՝ որ կա, ապրում է իր սիրելի ու այնքան հարազատ հայրենի Թալինում,
սիրում է իր Թալինն ու հպարտ է թալինցու կոչումը կրելու, այստեղ իր կյանքի պատմությունը
հյուսելու, կյանքի քառուղիներում մշտապես Թալինն ընտրելու և Թալինի մերօրյա պատմությունը
կերտելու համար։
Հենց այս գաղափարներով, հպարտությամբ ու նվիրվածությամբ թալինցիները նշեցին իրենց
քաղաքի օրը, վերածելով հուլիսյան մի շաբաթ օր՝ իրական տոնի։ Թալինի օրվա տոնական միջոցառումներին
միացել, ու թալինցիների հետ օրը տոնում էին նաև այլ համայնքներից, մարզերից և երկրներից
եկած հյուրեր։ Օրը նշանավորվեց միջոցառումների գեղեցիկ շղթայով, քաղաքի փողոցները լցված
էին վառ գույներով ու ջերմությամբ։
Միջոցառումների մեկնարկը տրվեց հյուրերի դիմավորումով, թալինցիներին էին միացել
և մեզ հետ նշում էին քաղաքի օրը՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ և համայնքապետարանի աշխատակիցների
ուղեկցությամբ ներկաներն այցելեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մասնակցեցին
օրհնության ծեսի, հաջորդիվ քայլերթով այցելեցին Թալինի Պանթեոն, խնկարկեցին և գլուխ
խոնարհեցին Հայաստանի սահմանների անառիկության համար մարտնչած և անմահացած թալինցիների
հիշատակին։ Թալինի խորհրդանիշներից մեկում՝ Կաթողիկե եկեղեցում, ներկաները վայելեցին
սանթուրի հրաշալի կատարումներ։
Շարունակելով տոնական միջոցառումների շարքը, պաշտոնատար անձինք և հյուրերը շրջեցին
Թալին համայնքի մշակույթը, խոհանոցը, համայնքի համն ու հոտը, նյութական և ոչ նյութական
մշակութային ժառանգությունները, արհեստի և արվեստի նմուշները ներկայացնող տաղավարներով,
որոնք հյուրերի համար մեծ խնամքով պատրաստել էին Թալին քաղաքային և գյուղական բնակավայրերը։
Առանձին տաղավարներով ներկայանում էին նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները,
«Իջևանի գինու և կոնյակի գործարանը», համայնքի տնտեսվարողներ և ձեռագործ աշխատանք ներկայացնողներ,
«Արմաթ» ինժեներական լաբորատորիան։
Տոնական օրը շարունակվեց Թալինի հրապարակում՝ միջոցառման հանդիսավոր բացմամբ, ներկաներին
ջերմորեն ողջունեց և օրվա խորհրդին համաձայն շնորհավորական ելույթով հանդես եկավ Թալին
համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը․ իր ելույթում նա նշեց -«Սիրելի
թալինցիներ, հյուրեր՝ շնորհավորում եմ բոլորիդ տոնի առթիվ, ես վստահ եմ, որ Թալին քաղաքը
սիրում է յուրաքանչյուր թալինցու, ով գտնվում է աշխարհի որևէ ծայրում, և սպասում է
այն թալինցուն, ով կվերադառնա իր հայրենիք»։
Թալինի օրն առանց թալինցու կարևորության ընդգծման չէր կարող անցնել, ուստի այս
տոնական օրվա կապակցությամբ, տարբեր ոլորտներում
ունեցած մասնագիտական ավանդի, մարդասիրական և բարեխիղճ աշխատանքի, հանրության կողմից
ստացած բարձր գնահատանքի, ուսման մեջ առաջամարտիկ լինելու, հասարակության անվտանգությունն
ապահովելու, հայրենիքի համար և հանուն հայրենիքի աշխատելու համար, Թալին համայնքի ղեկավար
Տավրոս Սափեյանը պատվոգրեր հանձնեց Թալին համայնքի մի շարք, այդ թվում ՝ առողջապահության,
անվտանգության, կրթության, զորակոչային ծառայության, զբոսաշրջության, կոմունալ ծառայության
և այլ ոլորտներ ներկայացնող հաստատությունների աշխատակիցներին, շնորհակալություն հայտնեց
հայրենանվեր աշխատանք կատարելու և մշտապես մեր բնակիչների կողքին լինելու համար։ Համայնքի
ղեկավարն իր խոնարհումը հայտնեց նաև Թալին քաղաքի որդեկորույս մայրերին, շնորհակալության
հայտնելով նրանց իրենց ամենաթանկը հայրենիքին նվիրելու համար։
Համայնքի ղեկավարի կողմից հուշամեդալներ և հուշանվերներ ստացան նաև տոնախմբությանը
մասնակցող հյուրերը՝ պաշտոնատար անձինք՝ Թալին համայնքի կողքին լինելու համար։
Տոնական միջոցառումը շարունակվեց Թալին համայնքի ՀՈԱԿ-ների մասնակցությամբ։ Նախ
ներկայացվեց այն լայնածավալ աշխատանքները, որոնք ՀՈԱԿ-ներն իրականացրել են մինչ այժմ,
նշվեցին գործունեության ընթացքում ունեցած բազմաթիվ ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները,
այնուհետև յուրաքանչյուր ՀՈԱԿ յուրովի ներկայացավ միջոցառմանը, ջերմ պահեր պարգևելով
ներկաներին և իրենց սերը փոխանցելով հարազատ քաղաքին։ Օրվա այս մասին ելույթներով հանդես
եկան նաև անհատ կատարողներ։
Օրվա մշակութային մասին հաջորդեց ժամանցային ուրախ պահերը։ Թալինի մանկական այգում
կազմակերպվել էր նմանը չունեցող շոու ծրագիր՝ երեխաների համար։ Փոքրիկները վայելեցին
մանկական շոուի յուրաքանչյուր պահը, ստացան շատ անակնկալներ, ժպիտներ ու անմոռանալի
պահեր։
Սիրելի քաղաքի օրը նշանավորվեց մեծ համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան
սիրված երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ։ Դրական էմոցիաներն ու ժպիտները լեփ-լեցուն էին
դարձրել Թալինի հրապարակը, ամենուր սեր ու ջերմություն էր, օրվա չվերջանալու ցանկություն։
Թալինի և թալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբ։