Գուցե «Ծովասա՞րը» դարձնի վերականգնողական կենտրոն․ 8 հողամաս, 2 բնակարան, 45․000 ԱՄՆ դոլար, «Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիր,․․․․Իշխան Սաղաթելյանի ունեցվածքը
Շուրջ 10 տարի կառավարական ամառանոցները վայելած Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը օրերս ներկայացնում էր իր նախընտրական ծրագիրը, որի ընթացքում ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը, խոսելով իրենց նախընտրական ծրագրից՝ ընտրություններից հետո հաջողություն ունենալու դեպքում իրենց անելիքներից՝ անդրադարձավ նաև պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորներին․

«Կոնդի պետական ամառանոցները վերածելու ենք ժամանակակից վերականգնողական կենտրոնի»,-ընդգծեց Սաղաթելյանը։ 

Հեղափոխությունից հետո որոշակի ժամանակ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդում է Ռոբերտ Քոչարյանին, այսինքն երկրորդ տեղում է։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը հանդիսանում է 10․000 մ2 տարածքով, Սևանա լճի ափին գտնվող «Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիրի ներդրման իրականացնողը։ «Ծովասար Սևան»-ի շինարարությունն սկսվել էր դեռևս 2011թ․, իսկ շահագործման է հանձնվել 2014թ․-ին։  

Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանն է։ Նա պաշտոնը ստանձնել է 2016թ․-ից։ Ըստ «Սփյուռ» տեղեկատվական հարթակի՝ Վաչիկ Սաղաթելյանը հանդիսանում է նաև «Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիրի տնօրենը։ 

Civic.am
-ն այս նյութով ներկայացնում է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու ժամանակ Իշխան Սաղաթելյանի կողմից հայտարարագրված 2018թ․ ունեցվածքը։ 

Իշխան Սաղաթելյանը՝ մարզպետի պաշտոնը ստանձնելիս որպես շարժական գույք հայտարարագրել է 3 մարդատար ավտոմեքենա՝ JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED, JEEP GRAND CHEROKEE 4.0 I LAREDO, RANGE ROVER SPORT 5.0, սակայն պաշտոնը թողնելուց հայտարարագրել է դրանցից միայն երկուսը։  

Գեղարքունիքի նախկին մարզպետի դրամական միջոցները կազմել են 18մլն, 500 հազար ՀՀ դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար Եվրո։ Նա հայտարարագրել էր նաև 8 հողամաս և երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում։ 

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը 2008-2009թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում` որպես ԱԺ Նախագահի տեղակալի խորհրդական, 2009-2012թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ Իսկ 2016 թվականի դեկտեմբերից՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։ 

Նարա Մարտիրոսյան