Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է ՀՊՏՀ խորհրդի նիստ, որի օրակարգում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունն է եղել։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 թեկնածուները՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը, հանդես են եկել ծրագրային ելույթներով՝ ՀՊՏՀ բարեփոխման և զարգացման հայեցակարգի հիմնադրույթների ներկայացմամբ։
Հավակնորդներին ուղղված հարցերից ու ելույթներից հետո կայացել է ռեկտորի ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկությամբ, 19 կողմ ձայներով խորհուրդը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրել է Արմեն Գրիգորյանին:
ՀՊՏՀ խորհուրդը հաստատել է ընտրության արդյունքները: ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և առաջարկել, հնարավորության դեպքում, հաշվի առնել նիստին հնչած բոլոր լավ առաջարկներն ու ընդունելի գաղափարները։