Որքա՞ն է կազմել տղամարդկանց և կանանց կյանքի տևողությունը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում բնակչության կյանքի սպասվող տևողությունը 2023 թվականին կազմել է 77,7 տարի։ Գյուղական բնակչության կյանքի տևողությունը, նկատենք, փոքր-ինչ պակաս է՝ 77,5, իսկ քաղաքային բնակչության կյանքի տևողությունը՝ 77,8 տարի։ Ուշագրավ այս տվյալներին civic.am-ը ծանոթացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տեղեկանքից։ ՎԿ-ի հաշվարկով՝ կանայք ավելի երկարակյաց են եղել, քան տղամարդիկ։ Ըստ այդմ՝ կանանց կյանքի տևողությունը կազմել է 81 տարի, ընդ որում՝ գյուղական բնակչության կանանց կյանքի տևողությունը 2023-ին եղել է 80,8 տարի, իսկ քաղաքային՝ 81,1 տարի։ Տղամարդկանց կյանքի տևողությունն էլ կազմել է  74,1 տարի։ Գյուղերի բնակիչ տղամարդկանց կյանքի տևողությունը, ի տարբերություն քաղաքում բնակվող տղամարդկանց,  ավելի  երկար է եղել՝  74,2 տարի։ Քաղաքացի տղամարդիկ էլ 2023-ին ծննդից սկսած ապրել են 73,9 տարի։


Վիճկոմիտեն ամփոփել է նաև 2024թ. հունվար-հուլիս ամիսների կտրվածքով  հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։ 2024թ. hունվար-հուլիսին (նախնական տվյալներ) կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.9%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 141.2%-ի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 18 հազար 632 մարդ (2023-ի նույն ժամանակահատվածում ծնվել է 20 հազար 157 մարդ), մահացել  է 15 հազար 166 մարդ (2023-ի հունվար-հուլիսին՝ 14 հազար 273 մարդ)։ Գրանցվել է 8 974 ամուսնություն և 2 626  ամուսնալուծություն։  2023-ի համեմատ այս ցուցանիշները նույնպես աճել են՝ նախորդ տարի հունվար-հուլիսին գրանցվել էր ամուսնության 9 156  և ամուսնալուծության 2 590 դեպք։


Հ. Մ.