2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ:


Ուղերձում ասվում է.


«Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր:


Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից:


2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, ու մեր քաղաքական թիմը շարունակելու է անշեղորեն գնալ այդ ճանապարհով:


Վստահեցնում եմ, որ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում ևս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա` մնալով կայուն, աննահանջ ու որպես հաջողված օրինակ ժողովրդավարության ճանապարհը նոր բռնող երկրների համար»: