Ադրբեջանի ջրային խնդիրը՝ ագրեսիան հիմնավորող խաբկանք. Վահրամ Հովհաննիսյանի հետազոտությունը

Ընդհանուր պատկերը. ջրի խնդիր Ադրբեջանում առկա է, սակայն այդ խնդիրն ուռճացված է Ալիևի վարչակազմի կողմից՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնելու նպատակով:


Իրական խնդիրը. բարձիթողի վիճակ, ապօրինի ջրօգտագործում, պատասխանատու կառույցների անարդյունավետ աշխատանք, հին ենթակառուցվածքներ, ներդրումային միջոցների վատնում, ջրային պաշարների նկատմամբ ադրբեջանցի օլիգարխների մենաշնորհ, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխություն:


Գետերի ցամաքեցման պատճառներ. ջրի բավարար պաշար Ադրբեջանը, փաստացի, ունի, սակայն այն միտումնավոր չի հասնում բնակիչներին: Ադրբեջանում մեղավոր են հռչակել հարևաններին, սակայն գետերի ցամաքեցման իրական մեղավորը Թուրքիան է:


«Ջրային խաբկանքի ռազմավարությունը»՝ օրակարգում. 2013թ.-ից Ալիևը ջրի խնդիրը հռչակել է անվտանգության սպառնալիք, և հետևողականորեն միջազգային հարթակներում իրականացվում են Հայաստանի և Արցախի ջրային պաշարների յուրացման լեգիտիմացման միջոցառումներ:


Ջուրը՝ որպես ագրեսիան արդարացնող միջոց. Ադրբեջանն Արցախի վրա հարձակման արդարացման հարցում օգտագործել է ԵԽԽՎ 2016թ. բանաձևը և շարունակում է վարել նույն քաղաքականությունը՝ աչք ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող սահմանամերձ ջրային պաշարների վրա (Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք), բայց հեռահար թիրախում Սևանա լիճն է:


COP29-ին Ադրբեջանը լրջորեն է պատրաստվում՝ արդարացնելու համար դրա միջոցով հետագա ագրեսիան: Անհրաժեշտ է ձեռնարկել դիմակայող գործողություններ՝ իրականությունը միջազգային կառույցներին պատշաճ կերպով մատուցելու նպատակով:

ՆԱԽԱԲԱՆ

2024թ. մարտի 14-ին Բաքվում ավարտվել է «Ջրի շաբաթ» երկօրյա միջազգային համաժողովը, որը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նվիրված էր ջրային ռեսուրսների կառավարմանը, ջրամատակարարմանը, կլիմայի փոփոխությանը և ջրային ռեսուրսների վրա դրա ազդեցությանն ու ջրի արդյունավետ օգտագործմանը: Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպված և Բաքվի Էքսպո Կենտրոնում մարտի 12-14-ն անցկացված «Ջրային տնտեսություն» միջազգային ցուցահանդեսը: «Ջրային շաբաթ» միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ և գիտնականներ Ադրբեջանից և աշխարհի տարբեր երկրներից, որոնք հանդես են եկել զեկույցներով ու վերլուծություններով՝ նվիրված ջրի համաշխարհային պակասուրդի և կլիմայի փոփոխության, Ադրբեջանի և Կասպյան տարածաշրջանի ջրային ռեսուսների արդյունավետ օգտագործման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, գյուղատնտեսությունում ջրի օգտագործման, էկոլոգիայի բնագավառում նորարարությունների, հանրության կողմից ջրի կայուն օգտագործման և այլ թեմաներին: «Ջրի շաբաթը», ինչպես նշվել է, նպատակ ունի խթանել Ադրբեջանի ջրային ոլորտի զարգացմանը և նպաստել նոր լուծումների որոնմանը[1]:


Նույն խորագրով հերթական համաժողովը Բաքվում նախատեսվում է անցկացնել 2025թ. ապրիլին, ինչի վերաբերյալ արդեն իսկ հայտարարություն է տեղադրված համաժողովի կայքում: Ընդ որում՝ Ադրբեջանում հենց մարտ ամսին (մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է) ջրին նվիրված տարբեր միջոցառումներ են իրականացվել, սակայն այս շրջանում դրանք առավել հնչեղ են մատուցվում: Սա վկայում է միջոցառումը շարունակական դարձնելու և առավել մեծ հնչեղություն ապահովելու Բաքվի մտադրությունների մասին: Այս նախաձեռնությունը և Ադրբեջանում մեկնարկած մի շարք ծրագրեր, այդ թվում՝ աշնանն այդ երկրում կայանալիք COP29 գագաթնաժողովը, բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանությանն ու հատկապես ջրային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների աշխուժացումը, զինված ուժերում էկոլոգիական միջոցառումների անցկացումը, աննախադեպ են թվում Ադրբեջանի դեպքում, որի տնտեսության ավելի քան 90 տոկոսը հենված է չվերականգնվող էներգետիկայի բնագավառի վրա, և որը լրջագույն էկոլոգիական խնդիրներ ունի ինչպես Կասպից ծովի հատվածում, այնպես էլ այդ երկրի առանձին շրջաններում:


Այսօրինակ ձեռնարկումները, դրանց նկատմամբ միջազգային արձագանքները, այս փաթեթներով միջազգային հանրության հետ Բաքվի երկխոսությունների աշխուժացումը և ահա, «Ջրի շաբաթվա» կազմակերպումն ու դրա շարունակականության մասին հայտարարաթյունները տպավորություն են ստեղծում, թե Ադրբեջանը էկոլոգիայի ոլորտում և, մասնավորապես, ջրային քաղաքականության բնագավառում որդեգրել է աշխարհին ներկայանալու նոր դրսևորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը և դրանով պայմանավորված համաշխարհային մտահոգությունները: Սակայն քաջատեղյակ լինելով Ադրբեջանական Հանրապետության «աճպարարական» և մոլորեցնող քաղաքականությանը, ագրեսիվ գործողությունների համար հիմքերի նախապատրաստման կամ հիմնավորման համար գործիքակազմի ընտրության հարցում չվարանելու նախադեպերը՝ ակնհայտ է, որ Բաքուն այս անգամ ևս ջրի խնդիրը և ընդհանրապես էկոլոգիական «պատումները» գեղեցիկ փաթեթավորմամբ պիտի մատուցի միջազգային այն հանրությանը, որն ի թիվս սեփական մի շարք շահերի, իսկապես մտահոգ է երկրագնդի հետագա ճակատագրով և ողջունում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված նախաձեռնությունները:


Հաշվի առնելով, որ մարտի 22-ին աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օրը, իսկ 2024թ. օրվա կարգախոսն է՝ «Ջուր խաղաղության համար (Water for Peace), ակնառու է ադրբեջանական կողմից գործի դրվող խաբկանքը, ըստ որի՝ խաղաղության բացակայությունը պայմանավորված է եղել և շարունակում է մնալ ջրի խնդիրը: Տասնամյակներ ի վեր Հայաստանին և Արցախին ջրային ռեսուրսներն արգելափակելու մեջ մեղադրող Ադրբեջանը, փաստորեն, այս ուղղությամբ ուժգնացրել է գործողությունները, որոնք չեն կարող չբացատրել նախորդ շրջանում տեղի ունեցածը և հնարավոր իրադարձությունները, որոնք կրկին կարող են փաթեթավորվել «ջրի խնդրով» և, ցավոք, ընդունելի դառնալ միջազգային հանրության համար: Պատկերավոր ասած՝ հայկական կողմին մեղադրելով հատկապես Արցախի, Տավուշի ու Սյունիքի հատվածներում ջրային ռեսուրսները դեպի Ադրբեջան «արգելափակելու», ադրբեջանական բնակավայրերն «առանց ջրի թողնելու» և, որ առավել ուշագրավ է, աշխարհի ու տարածաշրջանի մասշտաբով խմելու ջրի խոշորագույն աղբյուր Սևանա լիճը «միայնակ օգտագործելու» մեջ՝ Բաքուն համաշխարհային կլիմայական հարցերով մտահոգ հանրության (այդ թվում՝ պետությունների ու կազմակերպությունների) մոտ արդարացում է բանեցրել և, դատելով նախաձեռնվող միջոցառումներից ու հայտարարություններից, դեռ պիտի բանեցնի արգեսիվ քաղաքականության, հարձակումների ու օկուպացիայի համար: Հայաստանի ու Արցախի համար բացասական իմաստով լավագույն օրինակն այս հարցում դեռևս 2016թ. հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևն է, որով, ի թիվս այլ ուշագրավ ձևակերպումների, վեհաժողովը հիշեցնում էր, որ 2014թ. մայիսի 20-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կգան համատեղ կառավարել ջրային ռեսուրսները՝ ի շահ տարածաշրջանի, և հայկական կողմին կոչ էր արվում ջրային ռեսուրսները չօգտագործել «քաղաքական նպատակներով՝ ընդդեմ Ադրբեջանի»[2]:


Ուստի սույն հետազոտությունը նպատակ ունի վեր հանել ջրային խնդրով ու դրա շահարկմամբ պայմանավորված ադրբեջանական այն կեղծ օրակարգերը, իրական միտումները և շահագրգռությունները, որոնք ուղղակի կապ ունեն Ադրբեջանի նախորդ տասնամյակի տարածաշրջանային ռազմաքաղաքական վարքագծի, Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումների և հատկապես սահմանային՝ ջրային ավազանների տարածքներում հնարավոր գործողությունների հետ՝ ակնկալիքով, որ այս համատեքստում հնարավոր կլինի գնահատել ադրբեջանական գործոնով պայմանավորված և Հայաստանի շուրջ նախորդ տասնամյակում արձանագրված ու ներկայումս տեղի ունեցող զարգացումները, կանխատեսելու էկոլոգիական քողի ներքո հիմնավորվող և հիմնավորվելիք ու հատկապես արտաքին դերակատարների կողմից փոխըմբռնման ռիսկեր պարունակող այն գործողությունները, որոնք Բաքուն կարող է գործի դնել՝ արդարացնելու տարածքային պահանջներն ու ագրեսիան: Հետազոտությունը նպատակ ունի «ադրբեջանական ջրային խնդրի հիմնավորումների» բացահայտմամբ ահազանգել ագրեսիայի այդ բաղադրիչի կեղծության, սին և հորինված օրակարգերի մասին՝ փորձելով նաև առաջարկել դիմագրավմանն ուղղված գործողություններ՝ տուրք չտալու ջրի խնդրով փաթեթավորվող այդ օրակարգերին, միաժամանակ՝ պատշաճ կերպով արձագանքելու միազգային հանրության մոտ այս խնդրի համատեքստում ի հայտ եկող հարցերին ու տպավորություններին:


1. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ


Հայտնի է, որ ջրային ռեսուրսների պաշարով Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է ընդամենը 140-րդ հորիզոնականը: Միայն այս ցուցանիշից ակնհայտ է, որ այդ երկիրը լրջագույն խնդիրներ ունի հատկապես խմելու ջրի անբավարարության առումով: Նախորդ տարիներին հաճախակի են դարձել ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն այս մասին, որոնք թեև ուղեկցվում են հարևանների հասցեին հնչեցվող մեղադրանքներով, պայմանավորվում են կլիմայի փոփոխությամբ ու Ադրբեջանի սահմաններից անդին սկիզբ առնող, այդ երկրի ջրի 70 տոկոսի աղբյուր հանդիսացող գետերի աղտոտվածությամբ, սակայն լավագույնս ցույց են տալիս Բաքվի իշխանությունների՝ ջրի խնդրով պայմանավորված մտահոգությունները:


Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Վուգար Քերիմովի խոսքով՝ բնակչության մեկ շնչին բաժին հասնող ջրի քանակությամբ Ադրբեջանն աշխարհում 90-րդն է[3]: Փոխնախարարը 2023թ. «Ջրի անբավարարության պատճառները» խորագրով քննարկման շրջանակներում անհրաժեշտություն է համարել երկրի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը՝ փաստորեն հաստատելով, որ այդ երկրում ջրի պակասի թիվ մեկ խնդիրը ոչ թե Հայաստանն ու Վրաստանն են, այլ՝ ջրային ռեսուրսների ոլորտի անարդյունավետ օգտագործումը: Քերիմովը նշել է, որ ներկայումս Ադրբեջանի ջրային ռեսուրսները գնահատվում են շուրջ 25 մլրդ խմ, որից 16.5 մլրդ-ը՝ ստորգետնյա, 8.5 մլրդը՝ մակերեսային ջրերն են: Երաշտի դրսևորումները նկատելի են հատկապես վերջին 7-8 տարիների ընթացքում՝ պայմանավորված քիչ տեղումներով և անդրսահմանային գետերի հոսքի նվազմամբ: Փոխնախարարը մատնանշել է, որ միայն վերջին 5 տարում Մինգեչաուրի ջրամբարում ջրի ծավալը կրճատվել է 50 տոկոսով:


Քերիմովը, հավանաբար վկայակոչելով ՄԱԿ-ի համապատասխան զեկույցը, ընդգծել է, որ 2050թ. Ադրբեջանում սպասվում է ջրային ռեսուրսների նվազում 15-20 տոկոսով: Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար Մուխտար Բաբաևն իր հերթին առավել վաղ հանդես էր եկել նույնաբովանդակ հայտարարությամբ՝ Ադրբեջանի բնակչությանը կոչ անելով ջուրը ռացիոնալ օգտագործել: Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանն Ադրբեջանում բարձր է կլիմայական նորմայից, ինչը խմելու ջրի օգտագործման հանդեպ պատասխանատու վերաբերմունքն էլ ավելի արդիական է դարձնում[4]:


Ջրի սակավության և իրավիճակի հետագա վատթարացման մասին Ադբեջանում խոսվել է դեռևս 1990-ականներից ի վեր՝ պայմանավորված խորհրդային ընդհանուր տարածքի համակարգի փլուզմամբ և հատկապես Արցախյան առաջին պատերազմի արդյունքներով, սակայն ահազանգող հրապարակումներն ու հայտարարությունները նոր թափ են առել 2010-ականներից, իսկ գագաթնակետին հասել՝ 2020թ.՝ Արցախի դեմ պատերազմի նախաշեմին: Ադրբեջանական մամուլը 2020թ. ամռան ամիսներին հեղեղվեց ջրի սակավության մասին լուրերով: Պատճառը, ըստ աղբյուրների, այդ տարի արձանագրված տեղումների ցածր մակարդակն էր, Ադրբեջանի մի շարք շրջաններում գրանցված բարձր ջերմաստիճանը և անդրսահմանային գետերի հոսքի անկումը:


2020թ. ամռանը, ի թիվս գյուղատնտեսական նշանակություն ունեցող շրջանների, դժգոհություններ սկսվեցին նաև Ադրբեջանի ամենազարգացած հատվածում՝ Ապշերոնում և հատկապես մայրաքաղաք Բաքվում: Որոշ տեղեկություններով՝ մայրաքաղաքի մի շարք հատվածներում (օրինակ՝ Ռամանի թաղամասում) ջրամատակարարում իրականացվել է օրական 2-3 ժամով, Ապշերոնի Ֆաթմաի գյուղում 2017թ.-ից հետո ջրի հոսքը սկսել է նվազել, իսկ 2020թ.-ից սկսած շաբաթվա որոշ օրերին ընդհանրապես չի մատակարարվել, իսկ Բաքվից հեռու գտնվող բազմաթիվ բնակավայրեր տասնամյակներ շարունակ ընդհանրապես զրկված են խմելու և ոռոգման ջրից: Հայաստանի հետ սահմանակից Կարախանլը գյուղը նախկինում ջրանցքով սնվել է Կուր գետից, սակայն 10 տարվա ընթացքում ջրանցքն ամբողջությամբ չորացել է: Թեև 2017 և 2018 թթ. հորատանցքեր են փորվել, պոմպեր են տեղադրվել, սակայն ջուրը մատակարարվում է օրական 2 ժամով: Տեղի տնտեսվարողները հարկարդված են հերթ կանգնել, ջուր գնել և տեղափոխել՝ դաշտերը ոռոգելու համար: Նեֆթչալա քաղաք ևս ջուրը մատակարարվում է բեռնատարներով:


Հանրային դժգոհությունները մեղմելու նպատակով այդ ժամանակահատվածում քաղաքական բուռն տեղաշարժեր սկիզբ առան, խորհրդարանում քննարկումներ ու լսումներ նախաձեռնվեցին[5], ադրբեջանցի պաշտոնյաները սկսեցին խնդիրը կարգավորելու վերաբերյալ տարաբնույթ խոստումներ հնչեցնել, պատճառներ ու արդարացումներ փնտրել, որոնց շարքում առաջինը, անշուշտ, հարևան պետություններին ուղղված մեղադրանքներն էին: 2020թ. ամռանն Ադրբեջանում գրանցված ջրի սակավության առանցքային պատճառ համարվեց ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետի ջրի մակարդակի նվազումը: Թուրքիայից սկիզբ առնող և Վրաստանի տարածքով անցնող այս գետի ջուրն այդ երկրներում գյուղատնտեսական նպատակներով նախորդ տարիների համեմատ առավել շատ է օգտագործվել, ինչի հետևանքով դեպի Ադրբեջան արդեն քիչ թողունակությամբ է մուտք գործել: Ուշագրավ է, որ այդ ժամանակահատվածում Կուր գետի մակարդակը գետաբերանում արդեն այնքան է նվազել (2.6 մ), որ ոչ թե նրա ջուրն է հոսել դեպի Կասպից ծով, այլ՝ հակառակը: Գետից սնվող Մինգեչաուրի ջրամբարում ջուրը նվազել է 16 մ-ով: Մեծությամբ երկրորդ գետը՝ Արաքսը, սահմանակից է Իրանին և համատեղ է օգտագործվում վերջինի հետ: 2020թ. Արաքսի հոսքը նույնպես նվազել է՝ հիմնականում սպասարկելով հին ու նոր ջրամբարները, այդ թվում՝ թուրքական կողմում կառուցված: Հունիս ամսին Ադրբեջանն իրանական կողմին դժգոհություն է հայտնել մեծ քանակությամբ ջուր օգտագործելու առիթով, ինչից հետո Իրանը համաձայնել է մեծացնել համատեղ օգտագործվող ջրամբարներում ջրի ծավալը:


Արդյունքում, 2020թ. ջրի խնդիրն Ադրբեջանում դարձել է իշխանությունների օրակարգի թիվ մեկ խնդիր: Հուլիսի 23-ի կառավարության նիստում Ադրբեջանի նախագահն առաջին անգամ անդրադարձել է երաշտին ու ջրի սակավությամբ պայմանավորված ճգնաժամին՝ դրանում մեղադրելով «համապատասխան մարմիններին»: Ալիևը խոստովանել է, որ ջրի սակավությունը խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության, և հատկապես բամբակագործության ոլորտում, ինչի զարգացմանն ուղղված կառավարության բազմաթիվ ծրագրեր արդյունքում ապարդյուն են դարձել: Նրա խոսքով՝ 10-ից ավելի շրջանների տնտեսվարողներ ու գործարարներ ամեն օր նամակներ են ուղարկում ջրի բացակայությամբ պայմանավորված խնդիրների վերաբերյալ:


Նույն օրն Ադրբեջանի նախագահը, արձանագրելով, որ երկիրն անապատացման գործընթացում է, ինչը կարող է ահագնանալ 2030թ., խմելու և ոռոգման ջրի վերաբերյալ ծրագրերը կառավարության համար օրակարգային ամենակարևոր հարցեր է հռչակել՝ կարիքները բավարարելու ուղղությամբ առաջիկա տարիներին լրջագույն քայլեր ձեռնարկելու կոչով:  Արդյունքում՝ ընդունվել է «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը», որը ենթադրում էր ադրբեջանական ջրային ռեսուրսների կառավարման «Ազերսու» ընկերության կողմից թվով 10 նոր ջրամբարների, ջրամատակարարում չունեցող որոշ քաղաքաներում ջրատարների և ոռոգման ցանցերի կառուցում, հորատանցքերի փորում և այլն[6]: 2022թ. էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը հայտարարել է, որ Ադրբեջանի ներդրումային ընկերության և իսրայելական I.D.E. Water Assets Ltd ընկերության կողմից նախատեսվում է Կասպից ծովի ջրի աղազերծման (խմելու համար պիտանի դարձնելու) գործարանի կառուցում: Նախագծի վերաբերյալ մանրամասները, սակայն, մինչ օրս գաղտնի են պահվում[7]:


Ադրբեջանի ջրային ռեսուրսները կազմում են 32 մլրդ խմ, որի 70 տոկոսը ձևավորվում է հարևան երկրներում (հիմնականում՝ Կուր և Արաքս գետերից), իսկ 30 տոկոսը՝ երկրի ներսում: Կուր գետում ջրի մակարդակն առավելագույնի է հասնում ապրիլին, նվազագույնի՝ սեպտեմբերին: Արաքսի ջրերն առավելագույնի են հասնում մայիսին, նվազագույնի՝ օգոստոսին: Բնական ռեսուրսների միջազգային ինստիտուտի (WRI) տվյալներով՝ Ադրբեջանն ունի բավարար ջրային ռեսուրսներ, սակայն դրանք չեն ապահովում բնակչության խմելու ջրի և գյուղատնտեսական պահանջարկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմաների համաձայն՝ մեկ շնչին անհրաժեշտ խմելու և կենցաղային ջրի օրական ծավալը 450լ է: Ըստ այդմ՝ Ադրբեջանի բնակչությունը տարվա ընթացքում պետք է ապահովվի 1.6 մլրդ խմ խմելու և կենցաղային ջրով, սակայն ջրամատակարարումն այդ երկրում 5.3 անգամ քիչ է՝ 306 մլն խմ: Այսինքն՝ մեկ շնչին բաժին է ընկնում 83լ ջուր՝ միջազգային նորմայից 5.3 անգամ քիչ:


Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ