Այսօր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ Տեղ գյուղի ուղղությամբ ակնհայտորեն ռուս-ադրբեջանական համաձայնությամբ գործողություն է, որի նպատակն է Հայաստանին պարտադրելու ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունը․ Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ Տեղ գյուղի ուղղությամբ ակնհայտորեն ռուս-ադրբեջանական համաձայնությամբ գործողություն է, որի նպատակն է Հայաստանին պարտադրելու ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունը։

Եվ սա այն ժամանակ, երբ տարածաշրջան է այցելելու կամ արդեն այցելում է ԵԱՀԿ գործող նախագահը, ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ։/արդեն հասկանալի է, թե ռուսական տարատեսակ միսիոներներն ինչու էին վերջին օրերին այդպես հաճախ երևում Հայաստանում և հրապարակավ բարբաջում/։

Հայաստանի իշխանությունը պետք է ի վերջո հասկանա, որ պետք է հավասարակշռի ադրբեջանական զինված առավելությունը հենց զինված ուժերի զինման, հզորացման միջոցով․ ագրեսորը մինչև պատասխան չստանա, չի հրաժարվելու իր ագրեսիվ մտադրությունից։   

Ռուսաստանի հետ երկկողմանի ռազմավարական աջակցության պայմանագիրը չի կարող գործել, որովհետև Ռուսաստանն այլևս ագրեսոր պետություն է, և չի էլ ցանկանում կանխել  մեկ այլ ագրեսորի՝ Իլհամի ռեժիմի ագրեսիան։

Առավել ևս ՀԱՊԿ-ից որևէ ակնկալիք ունենալ անիմաստ է․ ՀԱՊԿ-ը նույն Ռուսաստանն է, չկա Ռուսաստան, չկա ՀԱՊԿ։

ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության միակ նպատակը խափանելն է ԵՄ դիտորդական առաքելությունը, և զրկել Հայաստանին անվտանգային այլ տարբերակներից օգտվելու հնարավորությունից․Պուտինը ՀԱՊԿ-ի հովանոցն օգտագործում է հենց այդ նպատակով»։