Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի տեղում նոր բազմաբնակարաններ կկառուցվեն
Գործադիրը համաձայնություն է տվել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և թիվ 17 շենքերի և հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու, ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Այդ հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերը գնահատվել են որպես 4-րդ աստիճանի վթարային և շենքի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում քանդել վթարային շենքը՝ արդյունքում տեղում նոր կառուցվող շենքերից բնակարանների հատկացում կատարելով բնակիչներին: Քաղաքաշինական ծրագրի իրականացման արդյունքում վթարային այդ շենքերը կապամոնտաժվեն, կվերանա շենքերի փլուզման վտանգը, կկառուցվեն նոր բազմաբնակարան շենքեր, կապահովվի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները և կլուծվեն քաղաքի տվյալ հատվածում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները: Տարածքում կբարելավվի բնակիչների կյանքի որակը՝ վերականգնելով հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կմաքրվեն անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ բակի ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքները՝ ազատելով դրանք տարերայնորեն տեղակայված կառույցներից, և տեղում կիրականացվեն կանաչապատման և բարեկարգման աշխատանքեր և կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ: Կբարելավվի սանիտարական վիճակը և կվերականգնվի էկոլոգիական հավասարակշռությունը, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործման տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայելով ստորգետնյա կառուցվածքներում: Որոշմամբ նախատեսվում է համագործակցել կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ՝ նկատի ունենալով վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին ներկայացված համագործակցության առաջարկը:
 
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է որոշմանը և նշել, որ երկար քննարկումների արդյունքում այս երկու շենքերի համար ստեղծել են մի համակարգային լուծում, որը կարող է հիմք հանդիսանալ բոլոր մնացած ծրագրերի համար՝ 4-րդ կարգի վթարային շենքերի և հետագայում նաև 3-րդ կարգի վթարային շենքերի համար: «Այստեղ կարևորագույն կետն այն է, որ Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջև և կարծում եմ որ հաջողությամբ այս ծրագիրն իրականացնելու ենք»,-ասել է փոխքաղաքապետը:
 
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ծրագրի հաջողությամբ իրականացումը, որի  օրինակը կարող է նպաստել  վթարային մնացած շենքերի խնդրի շղթակայան լուծմանը: «Նաև այս մեխանիզմով մենք կարող ենք մեր բնակֆոնդի թարմացման հարցը լուծել, որովհետև դժբախտաբար այդտեղ էլ ունենք շատ խորը և արմատական պրոբլեմներ: Մենք այդ պրոբլեմները վերջերս քննարկել են, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում: Եկել ենք այն եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը, ըստ էության, առաջիկա 20-25 տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է թարմացնենք: Սա ազգային անվտանգության խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք, և դրա համար պետք է մեխանիզմներ գտնել: Իհարկե, դա միակ մոդելը չի լինի, որովհետև հիմա կան կառուցապատողներ, որոնք այդ խնդիրը լուծում են»,-ասել է վարչապետը: