ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաշխարհային կոնգրեսի մամուլի ասուլիսին: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Նախարարը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն: Նախարարը շեշտել է, որ միահամուռ ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձել է կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա և համոզմունք հայտնել, որ այս 3 օրերի ընթացքում հնարավություն է ստեղծվելու բացահայտելու ԱԲ կողմից մարդկության և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններն ու գործիքակազմերը, որոնք գալիս են փոխելու առհասարակ բոլորիս, մեր կյանքն ու մոլորակը:
Հայրապետյանը ընդգծել է, որ WCIT-ն չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար և բարի երթ մաղթել կոնգրեսի աշխատանքներին:
Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշել է, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրել է, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը: