Քիչ առաջ Քոչարյանի գրասենյակը մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ընդ որում, մանրամասներով, թե բաղձալի զրույցը տեղի է ունեցել դեռ մայիս ամսին, երբ Քոչարյանը Մոսկվայում է եղել։
Եթե իրոք նման հեռախոսազրույց է տեղի ունեցել, առնվազն տարօրինակ է, որ Քոչարյանի գրասենյակը մայիսի հեռախոսազրույցի մասին հիմա է ավետում՝ ակնհայտ փորձելով Պուտինին օգտագործել նախընտրական նպատակներով։
Նախընտրական PR-ի էժան փորձը կարելի է չստացված համարել․ ՌԴ նախագահի պաշտոնական
կայքում որևէ տեղեկություն չկա մայիսին Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին։ Տեղեկություն չկա նաև ապրիլին նրանց զրույցի մասին, ինչպես պնդում է Քոչարյանի գրասենյակը։ Հակառակը՝ նշվում է, որ մայիս ամսին Պուտինը 2 հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
2020թ․ դեկտեմբերի 28-ից մինչ օրս ՌԴ պաշտոնական կայքում՝ Ռոբերտ Քոչարյանի անունը ի թիվս այլ նախկին նախագահների՝ հիշատակված է միայն 2020թ․ դեկետեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինի կողմից Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորանքում։ Նշենք նաև, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին է շնորհավորել, այլև Սերժ Սարգսյանին։ Որպես ՀՀ վարչապետ շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանին։
Ինչ վերաբերում է Մոսկվա Քոչարյանի այցին, ապա
Civic.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցը ձախողվել է։
Իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ Մոսկվա գնացած Քոչարյանը նախ հանդիպում է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Պուտինից կտրուկ մերժում է ստացել։ Այնուհետև Քոչարյանը հանդիպում է խնդրել Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ և կրկին մերժում է ստացել։
Արդյունքում՝ նրան մնացել է միայն իր բիզնեսի հետ կապված հանդիպումներ ունենալ գործընկերների հետ, ծանոթանալ գործերի ընթացքին։