Արձանագրվել է փաստ, երբ մարդկանց վարչական հարկադրանքով տանում են հանրահավաքի․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Օշական գյուղում է։ Դիմելով օշականցիներին, նա ասաց․ «Սիրելի Օշականցիներ, հետաքրքիր է, որ  քարոզարշավի ընդամենը մեկ օր է տեղի ունեցել, բայց կարծում եմ՝ շատ բան պարզ է դառնում։ Ձեզ հայտնի ուժերը եւ այդ ուժերի համար պարզ է, որ նրանք հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ջախջախվելու են պարզապես եւ սա ես ասում եմ՝ ժողովրդի հետ ունեցած շփումների արդյունքում»։

Փաշինյանը նշեց, որ արձանագրվել է փաստ, երբ մարդկանց վարչական հարկադրանքով տանում են այս կամ այն հանրահավաքի կամ հանդիպման։ «Ես ուզում եմ ասել, որ դա ապօրինի գործունեություն է եւ նմանատիպ որևէ գործունեություն ծավալած պաշտոնյա չի կարող անպատիժ մնալ»։

Նա հույս հայտնեց, որ կայանալիք ընտրություններում ՀՀ քաղաքացիները իրենց տված թավշյա մանդատը կփոխարինեն պողպատե մանդատով․ «Երբ այդ մանդատը ստանանք՝ բոլոր նրանք, ովքեր ապօրինի քարոզչության կամ հարկադրանքի որևէ միջոց են ձեռնարկել՝ այդ մարդիկ ուղղակի չեն աշխատելու։ Այնտեղ, որտեղ իրավական լծակները չեն աշխատի՝ այդտեղ կգործեն քաղաքական լծակները եւ քաղաքացիների հարկադրանքով մենք այդ բոլոր պաշտոնյաներին հեռացնելու ենք», - ասաց նա։

Հաջորդ հարցը, որին անդրադարձավ Փաշինյանը՝ անվտանգային էր։ Փաշինյանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 1999-2007 թվականների ընթացքում Հայաստանի ռազմական բյուջեն միասին եղել է 1 միլիարդ դոլար․ «Նույն թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն եղել է 2.8 միլիարդ դոլար, այսինքն՝ 3 անգամ ավել։ Նախորդ շրջանում, մինչև 1999 թվական՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեները եղել են համեմատելի իրար հետ եւ այն ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն շատ մեծ տեմպերով սկսել է աճել՝ Հայաստանի ռազմական բյուջեի հետ ադեկվատ փոփոխություններ տեղի չեն ունեցել»։

Ըստ Փաշինյանի ներկայացրած վիճակագրության՝ 2008-2017 թվականը Ադրբեջանի ռազմական բյուջեն եղել է 26 միլիարդ դոլար, իսկ Հայաստանի դեպքում՝ 4 միլիարդ։

«Բա կապիտուլացիան ուրիշ ո՞նց է լինում։ Եթե խոսում եք տնտեսական աճերի մասին՝ ինչպե՞ս է, որ այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ ռազմական բյուջեն ադեկվատ աճ թույլ չի տվել, այստեղ է արտահայտվում հող հանձնել-չհանձնելը։ Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք երեք տարում ռազմական ծախսերի նպատակներով կրկնակի ավել գումար ենք ծախսել, քան ծախսվել է 1998-2007 թվականների ընթացքում։ Երեք տարվա ընթացքում մենք մոտավորապես ծախսել ենք նախորդ տասը տարիների ծախսածի 70%-ը»։