Ինչու՞ եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն չեղավ. մանրամասնում է Վլադիմիր Վարդանյանը
«Մենք գործ ունենք բավականին նուրբ մատերիայի հետ, և դա առնվազն մինչև բանակցային գործընթացում ծնված վերջնական պրոդուկտի ի հայտ գալը հրապարակելը որևիցե եղանակով չի օժանդակելու այդ բանակցային գործընթացի բարեհաջող ավարտին»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց Վլադիմիր Վարդանյանն ու ավելացրեց, որ գործընթացները շարունակվում են, և բանակցություններն ընթանում են իրենց ուղով։

«Այստեղ մենք ոչ շատ արհեստական արագացման, ոչ էլ շատ դանդաղեցման գործընթացների փուլում ենք գտնվում՝ փորձելով հնարավորինս մոտարկել այն դիրքորոշումները այն հարցերի վերաբերյալ, որոնք դեռևս հստակեցված չեն կողմերի միջև»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ դիվանագիտական գործընթացում պարտադիր չէ, որ ամեն հանդիպումից հետո հայտարարություն լինի։ «Բայց որևէ հայտարարություն, որ բանակցային գործընթացը չի շարունակվելու, ևս չկա, և մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ բանակցային գործընթացը շարունակվելու է»,- եզրափակեց Վարդանյանը։