Թե՛ դուք, թե՛ ՓԾ-ն, թե՛ նրա ղեկավար Արմենը Գասպարյանը, թե՛ անձնակազմը, արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ նախարարին
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում է 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

Հանձնաժողովում քննարկվեցին ԱԻՆ և ոստիկանության ծրագրերը։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով 2022 թվականի նախարարության կատարողականը, ասաց, որ 2022 թվականին  պետական բյուջեով ԱԻՆ-ի թվով վեց  հիմնական ծրագրերի 19 միջոցառումների գծով ճշտված պլանը կազմել է ընդամենը 15 միլիարդ 555 միլիոն դրամ։

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ՊՈԱԿ ծառայության և Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի միջև համագործակցության արդյունքում սեսյմիկ վտանգի գնահատման ոլորտում ներկայումս գործում է վեց սեյսմոլոգիական ժամանակակից կայան, իսկ Վայոց ձորի Վայք համայնքում՝ Վայք սեյսմիկ կայանների փունջ, որոնք տեղադրվել են ֆրանսիական կողմի աջակցությամբ։

Երբ նախարարն ավարտեց զեկույցը, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով Արմեն Փամբուխչյանին, ասաց, որ սա նրա հետ նախարարի կարգավիճակում վերջին հանդիպումն է և կարծում է, որ նախարարը ներկայացրեց աշխատանք, որը հաստատ տեսանելի էր։

«Ես շատ ակտիվ շփումներ եմ ունեցել ձեր կողմից ղեկավարած կթրահամալիրի, փրկարար ծառայության հետ։ Ունենք իրավական խնդիրներ, որը մենք չենք կարողացել լուծել, կարծում եմ՝ ՆԳՆ-ի հետ կադրերի նշանակման, ազատման այդ բարդ մեխանիզմը, որը հնարավորություն չի տալիս գոնե սահմանամերձ գյուղերում արագ համալրելու։ Ես, իմ կողմից, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ, ձեզ, որպես նախարարի, կատակով ասում էին վերջին նախարարի, ինչ-որ տեղ լավ է, որովհետև ձեզնից հետո չկա մեկը, որը արձանագրի։ Բայց դուք արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով, թե՛ դուք, թե՛ փրկարար ծառայությունը, թե՛ նրա ղեկավար Արմեն Գասպարյանը, թե՛ անձնակազմը, որոնց հետ շփումներ ենք ունեցել, միայն կարող ենք հպարտությամբ արձանագրենք, որ այդ անվանումը համապատասխանել է իրականությանը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում