ՀՀ-ում գործող շարժումների ցանկը մայիսի 28-ին համալրվել է ևս մեկով՝ նորահայտ «Մայր Հայաստան»-ով։ ԱԺ-ում գործող ընդդիմադիր խմբակցությունը՝«Հայաստան»-ը, փաստորեն, ունենալու է իր արտախորհրդարանական «ֆիլիալը»՝ «Մայր» «սլոգանի» ներքո։ Նախաձեռնող խմբի անդամներից են անմայր, բայց հայր՝ Ռոբերտ Քոչարյան, ունեցող «Հայաստան» խմբակցության կարկառուն անդամ Անդրանիկ Թևանյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն ու Ստեփան Դանիելյանը, ԱԳՆ-ի հնաբնակ՝ նախկին բոլոր իշխանությունների օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած դիվանագետ, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից 2021 թ-ին հետկանչված Ձյունիկ Աղաջանյանը, Ռ․ Քոչարյանի գործերով հայտնի դարձած փաստաբան Հովհաննես Խուդոյանը, polotik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին, իրավապաշտպան Ավելիք Իշխանյանը, Սթենֆորդի համալսարանի դասախոս ներկայացող Արթուր Խաչիկյանը և այլք։ «Ժողովրդական» այս շարժման նախաձեռնողները Հռչակագիր են ստորագրել, որում ասվում է, թե նորահայտ այս պրոյեկտը «վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ»: Նպատակը՝ «լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով»:
Հռչակագրի որոշ կետերի բովանդակությանը ծանոթանալիս տպավորություն է, թե դրանք Անդրանիկ Թևանյանի՝ ԱԺ-ում հնչած ելույթներից արված մեջբերումներ են՝ համեմված մերկապարանոց, տեղ-տեղ՝ զավեշտի հասնող ձևակերպումներով։ Ասենք այսպիսի․ «1991-2018 թթ․ արատավոր երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև քաղաքացիների ճնշող մեծամասությունը դարձել է պոպուլիզմի զոհ»։ Այս տողը երկնած տիկնանց և պարոններին հարց տանք՝ հիշյալ ժամանակահատվածը շեշտելով՝ արդյոք նկատի են ունեցել նաև Քոչարյանի կառավարման 10 տարիներին արմատավորված «արատավոր երևույթները»։ Եթե այո, ուրեմն Քոչարյանից հաստատ տհաճ բովանդակությամբ զանգ կստանան։ Երկրորդ՝ եթե անգամ մեր երկրում կան պոպուլիզմին զոհ գնացած մարդիկ, ապա դրանք այն մարդիկ են, ովքեր զոհ են գնացել Ռոբերտ Քոչարյանին, որը 2021-ի ընտրական պայքարի մեջ մտնելով գերպոպուլիստական խոստում էր տվել՝ «մինչև քոք մաշացնել իշխանության ռեյտինգը»։ 680 հազար քաղաքացի, փաստորեն, ի հեճուկս ընդդիմադիր թիվ մեկ պոպուլիստի՝ գնաց ու քվեարկեց գործող իշխանության օգտին։
Հաջորդ կետը՝ «կոռուպցիայի, իշխանության և բիզնեսի սերտաճման, արատավոր այլ երևույթների դեմ պայքարի խոստումը տապալվել է, ավելին՝ թավշյա հեղափոխությունը ծնել է դոլարային միլիոնատերերի»։ Պարոն Թևանյանն ու նրա մտքերը շարադրող քարտուղարուհին կարո՞ղ էին մի երկու փաստ ու վիճակագրական տվյալ մեջբերել այս կետն ապացուցելու համար։ Կարող էին, բայց չեն մեջբերել, քանի որ այդպիսի փաստեր չունեն։ Հետևապես՝ «դոլարային միլիոնատեր» գրելու փոխարեն հանգիստ կարող էին մի քիչ էլ զոռ տալ իրենց երևականությանն ու գրել «դոլարային տրիլիարդատեր»՝ կեղծիքն էլ ավելի ճոխացնելու համար։
Հռչակագրում անդրադարձ կա նաև օրերս հայտնբերված կոկաինի թեմային՝ այսպիսի ձևակերպմամբ․ «Հայաստանը դարձել է թմրաբիզնեսի միջազգային շրջանառության մասնակից։ Վերջերս բացահայտվել է այդ շղթայի մի փոքր մասը՝ ավելի քան 1 միլիարդ եվրոյի կոկաինի տեսքով»։
Ինչն է հետաքրքիր՝ Հռչակագրի հեղինակները, փաստորեն, լավ տեղեկացված են թմրաբիզնեսի «ամբողջ շղթայի» մասին, քանի որ գրել են, թե բացահայտվել է «շղթայի մի փոքր մասը»։ Այս կետը, կարծում ենք, պետք է ՀՀ իրավապահ մարմիներն ու հատուկ ծառայություններն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին և հարցաքննության կանչեն շարժման նախաձեռնողներին, որոնք երևի օգտակար տեղեկություններ կհաղորդեն ու կօգնեն բացահայտել «ամբողջ շղթայի» մեջ թաթախված բոլոր սուբյեկտներին։
«Թևանյան և ընկերներ» շարժման հռչակագրի կիքսերը այսքանով չի սահմանափակվում։ Որպես շարժման նպատակ՝ հռչակագրի վերջում նշված է՝ «երկրում ձևավորել միասնություն՝ գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը․․․
Եվ երկրորդ՝ «․․․Շարժման նպատակը իշխանության գալը չէ։ Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով։ Իշխանազրկումից հետո ձևավորված համախոհական կառավարությունը պետք է ոչ ուշ, քան մեկ տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն»։
Հռչակագրի այս հատվածը մեզ մոտ դեժավյու հարուցեց, 2020-ի Հայրենիքի փրկության շարժման օրերը հիշեցինք։ Այդ ժամանակ էլ էին չէ՞, Թևանյանն ու իր գաղափարակից ընկերները երդում ուտում, որ իրենց ուզածը իշխանությունը չէ, այլ՝ հայրենիքի փրկությունը՝ պահանջելով, որ իշխանությունը հեռանա, «վլաստը» տա իրենց ձեռքը, վարչապետ կարգվի իրենց թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը, երկիրը մի որոշ ժամանակ իրենց ձևերով կառավարվի, ինչպես կասեր Քոչարյանը՝ «թարազուի բերվի», ապաև՝ արտահերթ ընտրություններ կնշանակվեն՝ իշխանությունը որպես ավար նորից բաշխելով նրանց, որոնց ժողովուրդը «ցտեսություն» էր ասել ու տուն ուղարկել 2018-ի ապրիլին։ Փաստորեն, իշխանություններին հայհոյողների հայտնի խմբակը ծպտվելով «Մայր Հայաստան»-ի փիլոնի տակ, մտադիր է իշխանազավթման «կրկին փորձիր» օպերացիան իրականացնել՝ քանի «պլյաժնի սեզոնը» չի սկսվել։
Հ․Մ․