ՔՊ-ականներից կոռուպցիոներներ կերտելու նախկին ռեժիմի պարագլուխների ն սպասարկող քարոզչական «լակեյները», ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, հաճախ հայտնվում են անհարմար վիճակում՝ ստիպված լինելով անդրադառնալ իրենց ու իրենց հրահանգավորողների կոռուպցիոն նկարագրին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ նիստում արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ ՔՊ-ականների հետ կապված «կոռուպցիոն դրսևորումների փաստերի»
(այդ թվում՝ պետական գնումներին մասնակցելու և շահելու) մասին ելույթին, նկատեց՝ գուցե տիկին Գրիգորյանը, որպես կապանցի, անդրադառնա
նաև Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարված տենդերների՞ն, որոնց ճնշող մեծամասնության
դեպքում հաղթում են համայնքապետի ազգականները. «Տիկին Գրիգորյան, հազար ներողություն, բայց էդ
իմ ընտանիքը չի ՀԷԿ-ի թույլտվություն ստացել, ձեր ընտանիքն է նման թույլտվություն ստացել։ Երբ էսպես մարդկանց կոռուպցիայի, փափուկ ու հարմարավետ
կյանքի մեջ մեղադրում եք, տիկին Գրիգորյան, ես ՀԷԿ կառուցելու ոչ թույլտվություն ունեմ,
ոչ դիմել եմ, ոչ էլ առհասարակ պատկերացնում եմ էդ ինչ ծախսեր են, ինչ գումարների մասին
է։ Ձեր ընտանիքն է նման թույլտվություն ստացել»։
Աննա Գրիգորյանը կայքերից մեկին
տված հարցազրույցում, մտնելով համեստ ու զուսպ կյանքով ապրող՝ մանկավարժական գործունեության անցյալով պատգամավորի կերպարի մեջ, դեմքին ժպիտ տալով հերքել
է ՀԷԿ ունենալու մասին տեղեկությունը։ «Էնքան սնանկ են իրանք, էնքան ոչինչ չունեն ասելու,
որ փորձում են էսպես մանիպուլացնել։ Ուրեմն ես շատ հստակ արձանագրեմ՝ ես ՀԷԿ չունեմ
(ի դեպ, Ալեքսանյանը շեշտել էր՝ ՀԷԿ կառուցելու թույլտվություն-խմբ.), իմ ընտանիքը
ՀԷԿ չունի, հերիք ա էդ ստահոդ տեղեկատվությունները տարածեն»,- ազդարարել է տիկինը։
(Փաստորեն, պետռեգիստրը և մնացած այլ պետական ինֆորմացիոն հարթակները ստահոդ տեղեկություններ
են տարածում՝ Աննա Արամի Գրիգորյանին վերագրելով մասնաբաժին, որը նա չունի)։ Բայց քանի
որ «սուխոյ ատկազի» սկզբունքն այս պարագայում չէր աշխատելու, տիկինը որոշել է պարզաբանել.
«Ժամանակին դիմել ենք թույլտվություն ստանալու համար, չենք կառուցել ՀԷԿ-ը, թույլտվությունն
էլ վաղուց վաճառվել ա արդեն։ Ես կամ իմ ընտանիքից որևէ մեկը առնչություն չունի որևէ
ՀԷԿ-ի հետ։ Այսինքն՝ երբ էսպես հստակ օրինակները դնում ես իրենց առջև, իրենք ոչ մի
բան չեն ունենում արձագանքելու, որոշում են ինձ թիրախավորել։ Կրկնում եմ՝ եթե որոշել
եք ինձ թիրախավորել մի բանում, որը գոյություն չունի, դա ավելի շատ իրենց է հարվածում...»։
Խոսենք փաստերով. հայտնի է, որ տիկին Գրիգորյանը, որն ընդգրկված էր «Իմ քայլը»
դաշինքում և 2020-ին պատգամավոր դարձավ հենց
այդ դաշինքով՝ մանդատը ստացավ ու օպերատիվ կերպով լքեց իրեն պատգամավոր դարձրած դաշինքը,
ժամանակին՝ 2020 թվականին, աշխատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում՝ եղել է
միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: Ի դեպ, հենց այդ շրջանում էլ՝
2020-ին, «Ջիմել» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս մասնաբաժինը, ըստ պետռեգիստրի
2023 թ. տվյալների (2024 թ. «Իրական շահառուների» վերաբերյալ հայտարարագիրը բացակայում է), Աննա Գրիգորյանին է պատկանում, դիմել
է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էներգետիկայի բնագավառում
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու նպատակով։ «Ջիմել»
ՍՊԸ-ին լիցենզիան տրվել էր մինչև 2038 թվականի հուլիսի 2-ը գործողության ժամկետով,
որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 2-ը։ Այս ՍՊԸ-ն համարվում է կառուցման փուլում գտնվող փոքր
ՀԷԿ, որը պետք է կառուցվի Գեղի գետի Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարի վրա։ Տարեկան արտադրելու
է 1,6 մլն կվտժ էներգիա, ներդրումների ծավալն առանց ԱԱՀ կազմելու է 118.1 մլն դրամ։
2022թ. հունիսին կասեցվել էր ՍՊԸ-ի լիցենզիան։ ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը
civic.am-ին հայտնել էր, որ «Ջիմել» ընկերությունը
պետք է մինչև 2021թ. փետրվարի 2-ը հանձնաժողով ներկայացներ Կայանի կառուցման՝ ՀՀ օրենսդրության
պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծ՝ դրական փորձագիտական եզրակացություններով,
ինչը չի կատարել. «Այդ ժամանակ նախագիծը ներկայացնելու ժամկետը, ըստ կարգի, համարվել
է ավտոմատ երկարաձգված մինչև 2021թ. սեպտեմբերի 2-ը, սակայն «Ջիմել» ՍՊԸ-ն այդ ժամանակահատվածում
էլ չի ներկայացրել նախագիծը։ Դրանից հետո նախագիծը ներկայացնելու ժամկետը համարվել
է 2-րդ անգամ երկարաձգված, և մինչև 2022թ. ապրիլի 2-ը պետք է ներկայացներ, սակայն այդ
ընթացքում ևս չի ներկայացվել»։ Ի դեպ,
ընկերությունը հետագայում գրություն է ներկայացրել ՀԾԿՀ՝ 2 տարի 4 ամիս ժամկետով
երկարաձգելու տրամադրված լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածը։ «Այսինքն՝
մինչև 2025թ. նոյեմբերի 2-ը կառուցման ժամանակահատվածը երկարաձգվել է։ Ընկերությունը
նաև նոր փաստաթղթեր ու նոր երաշխիք է վճարել, և մենք ընթացակարգով վերականգնել ենք
լիցենզիան»,- civic.am-ին որոշ ժամանակ անց տեղեկացրել էր Լիանա Ազիզյանը։ Ընկերությունը մինչև 2025թ. նոյեմբեր պետք է ՀԷԿ-ը
կառուցած լինի, որ հետո անցնի էլեկտրաէներգիայի արտադրության փուլ, իսկ այդ փուլի համար
ժամկետը ևս փոփոխվել է ու սահմանվել մինչև 2040թ.։
Նշենք, որ ՍՊԸ-ի տնօրենը Աննա Գրիգորյանի ամուսինն է՝ Դավիթ Մելիքյանը, որը սնանկ
է ճանաչվել դեռևս 2018թ.՝ թերևս հարկերից խուսափելու նպատակով (իրեն պատկանող՝
«Lincoln Town Car 2.5» մակնիշի և «Range Rover Classic 4.2I» մակնիշի) ավտոմեքենաների
գույքահարկը չմուծելու և Երևան համայնքի հանդեպ 3.065.786 ՀՀ դրամ պարտավորություն
ունենալու համար: Ի դեպ՝ պարտապանը Դավիթ Մելիքյանը, չէր բողոքարկել իրեն սնանկ ճանաչած
դատավոր Արշակ Պետրոսյանի կայացրած վճիռը։
Հարկ է նշել, որ Աննա Գրիգորյանը, որը «երդում է ուտում», որ
ՀԷԿ չունի, ավելի վաղ էլ՝ 2023-ի օգոստոսին, կայքերից մեկի հետ զրույցում
հավաստիացրել էր, որ վաճառել է իր մասնաբաժինը, 2023 թ. իր տարեկան հայտարարագրում, որը ներկայացրել
է 2024-ի մայիսին, նշել է, որ շարունակում
է 50 տոկոս մասնաբաժին ունենալ վերոհիշյալ ընկերությունում։
Այսքանից հետո թե ով է ստահոդ լուրեր տարածում, ով է ում թիրախավորում,
ով՝ ինքզինքը թիրախավորում՝ ասել մի բան, ցույց
տալով մեկ այլ բան, թող դատի ընթերցողը։
Հ. Մանուկյան