Իրականում, մենք ոչ թե բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք, մենք աշխարհագրական իրադրության մեջ ենք, որովհետև ինչպես էլ փոխվի աշխարհի քաղաքականությունը, մեր աշխարհագրությունը չի փոխվելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:


CNN primanews – Հայաստանը շատ բարդ քաղաքական իրավիճակում է. ձեր խոշոր հարևանն է՝ Թուրքիան, Ռուսաստանը տարածաշրջանային այլ մեծ տերություն է, կա նաև Իրանը, իսկ Եվրամիությունը, թվում է, բավականին հեռու է, բայց ինչպե՞ս կարող է իրատեսորեն Եվրամիությունն օգնել լուծելու Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի բարդ հարցը։ Մենք իրականում տարբերակներ ունե՞նք, մեր ձեռքում որևէ լծակներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ մեր ռազմավարությունը հենց Ձեր նշածի բերումով է: Տեսեք, Դուք ասում եք, որ մենք բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք: Իրականում, մենք ոչ թե բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք, մենք աշխարհագրական իրադրության մեջ ենք:

Այսինքն՝ մեր բարդությունը ոչ թե աշխարհաքաղաքականությունից է, մեր բարդությունն աշխարհագրությունից է, որովհետև ինչպես էլ փոխվի աշխարհի քաղաքականությունը, մեր աշխարհագրությունը չի փոխվելու: Եվ դրա համար մենք, առավել ևս հիմա, մեր ժողովրդին առաջարկում ենք և առաջարկել ենք քաղաքական հետևյալ տեսլականը, որ մեր արտաքին քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի բնականոն հարաբերություններն առաջին հերթին մեր անմիջական հարևանների հետ: Ինչքան էլ սա բարդ է՝ նույնիսկ լսելը, որովհետև պատմությունն իր հետ շատ մեծ բարդություններ է բերել, շատ մեծ նեգատիվ բեռ է բերել: