Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Civic.am-ը, ուսումնասիրելով հայտարարագիրը, պարզեց, որ երկրի ղեկավարը չունի որևէ անշարժ գույք, տրանսպորտային միջոց։ Փաշինյանը հայտարարագրել է բանկերից մեկում ունեցած ավանդը՝ 3,015,000 դրամ, որը տարեվերջում կազմել է նույնքան, որպես բանկային հաշիվների մնացորդ հայտարարագրել է (բանկերի մասին տվյալները պաշտպանված են) 614.7 դրամ, որը տարեվերջում կազմել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, որը տարեվերջում կազմել է նույնքան, 3.84 ԱՄՆ դոլար, որը դարձյալ տարեվերջում կազմել է նույնքան, և 154,562.5 դրամ։
Որպես կանխիկ գումար Փաշինյանը 2022-ին հայտարարագրել է 1,800 դոլար, որը տարեվերջում կազմել է 800 դոլար, 790 հազար դրամ, որը տարեվերջում 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։ Որպես եկամուտ ՀՀ վարչապետը հայտարարագրել է «Վարչապետի աշխատակազմ»-ից ստացած 12,837,503 դրամը։
Հայտարարատու պաշտոնատար անձի շահերի հայտարարագրում նշված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ն, որը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անունով է, վերջինս ունի 50 տոկոս բաժնեմաս, որը ձեռք է բերել 29.05.2009-ին, կազմակերպության տնօրենն է։
Նիկոլ Փաշինյանը, նշենք, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։