Գլխավոր դատախազությունը պետք է զբաղվի այդ հարցով. վարչապետը՝ 100 քաղաքական մահապարտների վերաբերյալ Աղվան Վարդանյանի հայտարարության մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցին, որում վերջինս խոսել էր 100 քաղաքական մահապարտների անհրաժեշտության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը դադարեցնելու համար:
«Պարոն վարչապետ, սա ոչ միայն հայտարարություն է, այլ նաև գործողություն, որովհետև պարոն Վարդանյանն արդեն անուններ ունի այդ 100 մահապարտներից, որոշակի հանդիպումներ է իրականացնում»,- ասաց Հասմիկ Հակոբյանը և մեկնաբանություն խնդրեց ՀՀ վարչապետից:
«Կարծում եմ՝ իրականում այդ հարցն ինձ ուղղված չէ, այդ հարցով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որը իրավասու մարմինն է: Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար: Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են ընտրել»,- ասաց վարչապետը և հավելեց, որ իրենց քաղաքական ուղեգիծն է օրենքի գերակայությունը և օրենքի դիկտատուրան. «Դա մեր նախընտրական թեզն է»:
«Բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մանրամասն խոսակցություն կկայանա նաև քննիչ հանձնաժողովում. «Եթե տենց մահապարտների ջոկատներ կազմող էին... իրենք են ընդունել այն սկզբունքները, որոնցով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս. գնացել դրսում ճանաչել են, ներսում եկել մահապարտների ջոկատներ են կազմել, որոնք նախարարական կաբինետներում նստած զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ»:
Վարչապետն առաջարկեց այդ հարցին քաղաքական մեկնաբանություններ շատ չանել. «Այդ հարցին պետք է արձագանքեն իրավապահները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Մանրամասն՝ տեսանյութում