«Խաղաղության բանակցություններում մենք անընդհատ առաջընթացի մասին ենք խոսում, բայց, ցավոք, զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որ որևէ բացատրություն չունեն, թե խաղաղության գնալիս ինչու պետք է Երասխում Ադրբեջանը կրակի հայկական դիրքերի ուղղությամբ»,- այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է իր խոսքը ասի:
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ բոլոր բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը, խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որը իրեն է ցանկալի, այլ ոչ թե լինի հանգուցալուծում, ինչպես ենթադրաբար պիտի լինի, այն է՝ կողմերը բանակցում են և գտնում են փոխադարձ ընդունելի լուծումներ: Սա առաջին դրսևորումը չէ, և վստահ եմ՝ նաև վերջինը չէ»:
ԱԳ նախարարի խոսքով՝ և մենք, և միջազգային հանրությունը այսպիսի դրսևորման նկատմամբ պետք է շատ կտրուկ դիրքավորվի. «Կա՛մ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է, հուսով ենք՝ անընդունելի է նաև միջազգային հանրության համար»:
Ինչ վերաբերում է Երասխի դեպքին, Արարատ Միրզոյանը նշեց, որ այնտեղ մի նրբերանգ էլ կա. «Գիտեք, նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, որը գործարկման ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: Եվ ահա ադրբեջանական կողմը շինծու բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ և փորձում է ուժի գործադրմամբ խափանել նաև այս ծրագիրը»:
Արարատ Միրզոյանը հավելեց, որ այսօր Երասխի այդ հատված մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը. «Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ. «Հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»:
Մանրամասն՝ տեսանյութում