Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

69 տարեկան հասակում մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ 


Ավետիք Իշխանյանը ծնվել է 1955 թվականին՝ Երևանում։ Հայրը հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանն է, մայրը Վահան Չերազի դուստր՝ մանագիտությամբ լեզվաբան՝ Բյուրակն Չերազը։ 


Ավետիք Իշխանյանը 1972 թվականին ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19-ը (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19) միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականները սովորել է Երևանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի գեոֆիզիկայի բաժնում։ 


1977-1984 թվականներին աշխատել է Երևանի «Հայգունմետգիտնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնում՝ սկզբում որպես որպես ինժեներ, ապա՝ ավագ գիտաշխատող, այնուհետև պետրոֆիզիկայի ենթաբաժնի վարիչ։ 1984-1987 թվականներին կրթությունը շարունակել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի (ՎՍԵԳԵԻ) ասպիրանտուրայում, 1987 թվականին Լենինգրադում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հայաստան վերադառնալուց հետո 1987 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարել է կրթական «Մաշտոց» միավորումը։ 


1996 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարում էր «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։