ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունները, որոնք իրենց մեջ քրեական տարր են պարունակում, չէին կարող առանց հետևանք մնալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե Վարդան Ղուկասյանի գործով ԱՄՆ-ում ընթացող գործընթացը սկսվել է Հայաստանի իշխանությունների բողոքի հիման վրա, և որ նրա արտաքսման դեպքում կյանքին վտանգ է սպառնում։
Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական հայտարարությունների պատճառով որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա որևէ մեկը, որի կյանքին քաղաքական հայտարարությունների պատճառով վտանգ է սպառնում», – նշեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը շեշտեց, որ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այն դեպքերին, երբ արված հայտարարությունները քրեական տարրեր են պարունակում։
«Վստահ եմ, որ այն հայտարարությունները, որոնք իրենց մեջ քրեական տարր են պարունակում, չէին կարող առանց հետևանք մնալ», – ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ վերջին անգամ լսել է այն ժամանակ, երբ վերջինս հրապարակային կոչ էր արել հաշվեհարդար տեսնել իր 15-16 տարեկան որդու նկատմամբ։
«Վերջին անգամ, որ ես նրա մասին լսել եմ, դա այն դեպքն է եղել, երբ նա եթերում իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ է արել։ Ուզում եմ հասկանալ, սա ի՞նչ քաղաքական դիրքորոշում է», – ընդգծեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանն ընդգծեց, որ նման հայտարարություններն անընդունելի են, և ինքը պատրաստ է բողոք ներկայացնել, եթե պարզվի, որ նման կոչերը որևէ կերպ չեն ստացել իրավական գնահատական։