ՔՊ-ն ունի մեծամասնություն. Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու առումով խնդիր չկա․ Վլադիմիր Վարդանյան
Երեկվանից համացանցում նախկին իշխանությունների հետ փոխկապակցված տարբեր իրավաբաններ հանդես են գալիս «իրավական վերլուծություններով», ըստ որի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում «քաղաքացիական պայմանագիր»-ը չունի անհրաժեշտ 2/3-րդ, 3/5-րդ և ըստ այդմ չի կարող առանց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնության, փոփոխություն կատարել ոչ միայն Սահմանադրությունում, այլև սահմանադրական օրենքներում։ 

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Civic.am-ի հետ զրույցում այս «իրավական վերլուծությունները» համարեց բացառապես մանիպուլիատիվ։ Նրա խոսքով՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-րդ և հիմա՝ ուժերի այս բաշխվածությամբ, դա խորհրդարանում ապահովված է.«3/5-րդ-ը ապահովված է։ Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու առումով խնդիր չկա։ Սահմանադրական օրենքներ ընդունելու մեծամասնություն այս խորհրդարանում ՔՊ-ն ունենալու է։ Հետևաբար այդպիսի դիտարկումները կրում են սպեկուլիատիվ բնույթ։ Իսկ ինչ վերաբերում է  սահմանադրական փոփոխություններին, ապա մենք միշտ առաջնորդվել ենք այն ընկալմամբ, որ սահմանադրական փոփոխությունները պետք է արժանանան լայն կոնսենսուսի և մենք այդ ճանապարհով գնում ենք»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ հիմա տարբեր տեսակի մանիպուլիատիվ բնույթի գիտական, փսևդոգիտական, մանիպուլիատիվ շատ հայտարարություններ են արվելու, որոնց արձագանքելու հարկ բնավ չկա.«Խորհրդարանը ձևավորված է, կա խորհրդարանական մեծամասնություն, կա մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և սրանով հարցը փակված է։ Ես ցավում եմ, որ նման կարգի մանիպուլիատիվ հայտարարությունները քաղաքացու մոտ տպավորություն են ստեղծում, թե իրավագիտությունը դա սպեկուլիատիվ գիտություն է և կարելի է ասել ամեն ինչ ու դա ներկայացնել իրավական քողի ներքո։ Ամեն իրավական վերլուծություն չպետք է դիտարկվի որպես վերջին աստիճանի ճշմարտություն։ Նման հայտարարությունները պարզապես պետք է անտեսել»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով ութերորդ գումարման Ազգային ժողովի ընդդիմության որոշ ներկայացուցիչների դիտարկումներին, թե կարելի է վերցնել մանդատները և ոչինչ չանելով, ոչնչի մասնակից չլինելով ստեղծել խորհրդարանական ճգնաժամ, Վարդանյանը նկատեց, որ ոչ մի խորհրդարանական ուժ մյուսի նկատմամբ հաշվետու չէ։ Խորհրդարանական ուժերը ստացել են բնակչության քվեն և իրենք պետք է հաշվետու լինեն բնակչությանը.«Եթե ուժը մասնակցել է ընտրության, ստացել է քվե, մանդատ, ապա պետք է բարի լինի տեր կանգնելու իր մանդատին և մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին։ Լիագումար նիստերն այսբերգի գագաթն են, բայց հիմնական աշխատանքն իրականացվում է հանձնաժողովներում, ներքին քննարկումների ժամանակ։ Այդ շանտաժային մոտեցմանը, որ մանդատները չվերցնեն, կամ վերցնեն ու ձախողեն խորհրդարանի աշխատանքը, սխալ մոտեցում է։ Նախ մանդատները չվեցնելով խորհրդարանի աշխատանքը չի ձախողվում, խորհրդարանը շարունակելու է աշխատել և աշխատելու է բնականոն ռեժիմով։ Մենք նախկինում ունեցել ենք նման դեպք, որ խորհրդարանական ուժը մանդատները չի վերցրել, բայց որոշակի ժամանակ անց վերցրել է։ Տվյալ պարագայում մեծ հույս ունեմ, որ այդ ճանապարհով չենք գնա, քանի որ խորհրդարանական կառավարումը ենթադրում է հանրային հաշվետվողականություն»,-ընդգծեց Վարդանյանը։

Ընտրությունների արդյունքները վիճարկելով, տարբեր ճգնաժամեր ստեղծելով նոր արտահերթ ընտրությունների հասնելու փորձերը ևս, ըստ Վարդանյանի, ձախողված են։ Սահմանադրության համաձայն արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ, երբ որ խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում վարչապետ ընտրել կամ չի հաստատում կառավարության ծրագիրը, եթե վարչապետն արդեն ընտրված է։ «Խորհրդարանի արձակումը կապրիզի հարց չէ։ Խորհրդարանը կարող է արձակվել, եթե առկա է մեծամասնության ճգնաժամ։ Խորհրդարանական կառավարումը նախատեսում է տարբեր քաղաքական ուժերի ներկայություն մեկ նիստերի դահլիճում և մեկ միասնական օրենսդրական գործունեության իրականացում։ Հետևաբար կոչ եմ անում քաղաքական ուժերին գալ ու համատեղ աշխատել»,- եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը։

Արփի Հարությունյան